Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածի առնչությամբ քրգործ է հարուցվել


Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նրա փոխանցմամբ, գործը հարուցվել է իրականացված հետաքննության արդյունքներով՝ փետրվարի 16-ին, Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին և 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով: Հիշեցնենք՝ միջադեպից հետո իրավապահներին հաղորդումներ էին ներկայացվել թե՛ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և թե՛ Երևանի քաղաքապետարանից:

Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց նաև, որ քրեական գործը Ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտեին:

Քննչական կոնիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ կոմիտեն ստացել է քրգործը, քննիչը կծանոթանան գործի նյութերին, կմշակվի քննչական պլան և կձեռնարկվեն անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG