Կոսովոն նշում է անկախության 10-րդ տարեդարձը, որը մասամբ ճանաչված այս պետության նախագահ Հաշիմ Թաչիի գնահատմամբ՝ «մեր ժողովրդի համար ամենաերջանիկ պահն էր»: Միևնույն ժամանակ Թաչին, ով փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում, նշել է․ - «Մենք դեռևս չենք անդամակցում Միավորված ազգերի կազմակերպությանը, իսկ ԵՄ տանող մեր ճանապարհը չափազանց բարդ է»:
Եվրամիության 28 անդամ երկրներից 5-ը մինչև այժմ չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը Սերբիայից:
«Եթե Եվրամիությունը միասնականություն դրսևորի Կոսովոյի հարցում, ես համոզված եմ, որ Կոսովոն ավելի կայուն և ինքնաբավ երկիր կդառնա», - իր ելույթում ասել է Հաշիմ Թաչին:
Միացյալ Նահանգները շնորհավորել է Կոսովոյի անկախությունը: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Կոսովոն բնութագրել է որպես «ավելի կայուն, ժողովրդավարական և ներառական երկիր»:
Կոսովոյի անկախությունը ճանաչել է 116 երկիր, սակայն Սերբիան այդ ցանկում չկա: