Մատչելիության հղումներ

Մարուքյանն ու Փաշինյանը վստահեցնում են՝ «Ելքում» Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ պայքարի հարցում հակասություններ չկան


Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյան, արխիվ
Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյան, արխիվ

Այսօր տեղի ունեցավ «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը:

Ընդդիմադիր «Ելք» դաշինիքի համար Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետն անընդունելի է, վստահեցնում են «Ելքի» ներկայացուցիչները՝ հավելելով, սակայն, որ դեռ չեն քննարկել իրենց գործողություններն ապրիլին ընդառաջ։ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է․ «Ես կարող եմ հրապարակային ասել, թե «Ելքում» ինչ հարց է քննարկվել, որն ունի կոնսենսուս: Դա հետևյալն է՝ «Ելք» դաշինքի համար Սերժ Սարգսյանի երրորդ ժամեկտն անընդունելի է: Մնացած մասով՝ տեխնիկա-տակտիկական, ռազմավարական և այլն, դա կքննարկենք»:

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ ամեն դեպքում միանշանակ է՝ «Ելքում» նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարի մասին քննարկումները, և առհասարակ «որևէ բանավեճ», չեն կարող հանգուցալուծվել հօգուտ իշխանությունների:

Երեկ «Ազատության» տաղավարում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Արամ Սարգսյանն էր ասել, թե Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով պաշտոնավարման դեմ պայքարելու շուրջ դաշինքում կա հակասություն և տեսակետների տարբերություն: Նա չէր հերքել մամուլի հրապարակումներն այն մասին, թե Էդմոն Մարուքյանը համարում է, որ Հայաստանն ապրիլի 2-ին արդեն բաց է թողել հնարավորությունը՝ պայքարելու Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ։ «Իհարկե՝ կան տեսակետների տարբերություններ, հակասություններ»,- երեկ ասել էր Արամ Սարգսյանը:

Մարուքյանը, սակայն, այսօր վստահեցրեց՝ որևէ խնդիր կամ հակասություն դաշինքում այս հարցի շուրջ չկա։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ևս հերքեց տարաձայնությունների մասին լուրերը, պնդելով՝ իրենց օրակարգի գլխավոր հարցն այժմ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումը կանխելն է։ «Դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որի շուրջ մենք պետք է միասնական դիրքրոշում որդեգրենք: Որևէ մեկը դաշինքում դա չի վիճարկում»,- ասաց Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարին ելույթով հանդես եկած Նիկոլ Փաշինյանն այսօր ամբիոնից շեշտեց՝ «Ելքը» ստեղծած 3 կուսակցությունները չպետք է մոռանան ոչ միմյանց առջև, ոչ Հայաստանի քաղաքացիների առջև ստանձնած պատասխանտվության մասին՝ «բդեշխության» փոխարեն վերջապես հանրապետություն ստեղծելու համար և մյուս մարտահրավերներին դիմակայելու համար:

«Լուսավոր Հայաստանի» նախագահ վերընտրված Էդմոն Մարուքյանն էլ համագումարում ունեցած իր գլխավոր ելույթում ներկայացրեց կուսակության ծրագրին կցվող «Իրավունք գերակայության մանիֆեստ» անունով փաստաթուղթը, ընդգծելով՝ Հայաստանը կանգնած է լրջագույն սպառնալիքի առջև. սահմանդրական փոփոխություններից հետո Հայաստանում մայր օրենքով նախատեսված խորհրդարանական պետության փոխարեն, ստեղծվում է սուպերվարչապետական պետություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG