Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցությունը մոտ օրերս կհստակեցնի իր դիրքորոշումը Արմեն Սարգսյանին սատարելու հարցում


Չնայած Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությանը մոտ 2 շաբաթ է մնացել, սակայն Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ՝ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի շտապում բացահայտել իր դիրքորոշումն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ։

«Ազատության» հետ զրույցում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր տեղեկացրեց, որ դեռ չեն քննարկել հարցը՝ արդյո՞ք իրենք մարտի 2-ին կսատարեն ՀՀԿ թեկնածուին ու կողմ կքվեարկեն իշխող ուժի առաջադրած Արմեն Սարգսյանի օգտին։ Զոհրաբյանը հիշեցրեց՝ թե՛ խմբակցության պատգամավորները, թե՛ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպումներ են ունեցել Արմեն Սարգսյանի հետ, լսել ու քննարկել նրա մոտեցումները՝ կապված Հայաստանի համար լրջագույն խնդիրների հետ։

Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում խմբակցության նիստ կգումարվի, կլինի քննարկում, բոլորը կներկայացնեն իրենց դիրքորոշումը և կկայացվի վերջնական որոշում։ «Վստահ եղեք, որ մինչև մարտի 2-ը, քվեարկության օրը, Գագիկ Ծառուկյանը կհրավիրի խմբակցության նիստ, կամփոփենք մեր տպավորությունները և կկայացնենք մեր որոշումը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպեց երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ և տվեց իր համաձայնությունը՝ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Այսպիսով՝ մարտի սկզբին սպասվող խորհրդարանական քվեարկության ժամանակ նախագահ ընտրվելու համար, ըստ նոր Սահմանադրության, Արմեն Սարգսյանը պետք է ստանա 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայները։

Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ առաջին փուլով նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն: Ու քանի որ «Ելքն» ի սզկբանե հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, վերջինիս հաղթանակն առաջին իսկ փուլի արդյունքով ապահովելու համար իշխող ուժը հավանաբար կփորձի ստանալ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության առնվազն 14 պատգամավորների ձայները:

«Ազատության» այս դիտարկմանը պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց․ «Մենք մեր որոշումը կայացնելու ենք կախված մեր օրակարգից, ելնելով նրանից՝ մենք տեսնու՞մ ենք հնարավորություն՝ Արմեն Սարգսյանին շանս տալու, որ նա իրագործի այն ծրագրերը, որոնց մասին հայտարարում է: Մեր որոշումը բացարձակապես կապ չունի այն բանի հետ, թե քանի ձայն է պակասում ՀՀԿ-ին, նման վերլուծություններն անլուրջ և մտացածին են»:

Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու առաջադրվելու առաջարկը Սերժ Սարգսյանն իր նստավայրում արեց մոտ 1 ամիս առաջ։ Դրանից հետո Արմեն Սարգսյանը մտածելու ժամանակ խնդրեց և սկսեց հանդիպումների շարք քաղաքական ուժերի, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:

Այցելեց նաև Լեռնային Ղարաբաղ, սփյուռքի որոշ գաղթօջախներ։ Դրանից հետո, կրկին Բաղրամյան 26-ում, երեկ կայացավ Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը։ Վերջինս հայտարարեց՝ պատրաստ է իր ողջ էությամբ ու եռանդով ներգրավվելու այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն իրեն ընտրի որպես նախագահ։

«Կրկին համոզվեցի, որ տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Եվ իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, պարո՛ն նախագահ, որ ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ, և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-Սփյուռք հարաբերություններում»,- երեկ ասաց Արմեն Սարգսյանը:

Բոլոր ոլորտներն են կարևոր, բայց երկուսը հատկապես մտահոգել են ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածուին։ Սերժ Սարգսյանի հետ զրույցում Արեմն Սարգյանն անդրադարձավ դրանց՝ նշելով, որ կրթությանն ու քաղահասարակության ամրապնդմանն է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել։ Առաջին իր սրտին է շատ մոտ, իսկ երկրորդը՝ երկրի կայուն զարգացման համար է պետք, նշեց Արմեն Սարգսյանը, հավելելով, որ իր հանդիպումների ընթացքում համոզվել է դրանց առաջնահերթ լինելու մեջ․ «Ինձ համար, իհարկե, ևս շատ կարևոր է, որովհետև մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին»:

Ապրիլի 9-ին պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ սկսելով Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը, կարձանագրվեն «փայլուն արդյունքներ»։ Գործող նախագահը նաև համոզմունք հայտնեց, թե ընտրությունները տեղի են ունենալու համերաշխության պայմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG