Մատչելիության հղումներ

Արծվանիստցի Գագիկը դրսում է գումար վաստակում, բայց իր գյուղի «հացն ու ջուրը ոչ մի գանձի հետ չի փոխի»


Արծվանիստցի Գագիկ Հովհաննիսյանը
Արծվանիստցի Գագիկ Հովհաննիսյանը

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, արծվանիստցի Գագիկ Հովհաննիսյանը1994-ին զինադադարի հաստատումից անմիջապես հետո բռնել է արտագնա աշխատանքի ճանապարհը։ Տարվա մեջ մի քանի ամիս գյուղում գտնվելու ընթացքում զբաղվում է ձկնորսությամբ, իր խոսքով՝ պապերից ժառանգած ծովում՝ Սևանում։

Ձկնորսությամբ, սակայն, երկու երեխաների հայրը չի կարողանում ընտանիքի հոգսը հոգալ։ Ասում է՝ Սևանում ձկնորսությունն անճարների գործն է․ «Էսի գործ չի, հացի պայքար ա»: Բացի նրանից, որ ձկնորսությունից մեծ եկամուտ չի ստանում, նաև մշտական վտանգ կա: Ասում է՝ ջրի հետ խաղ չեն անում․ «Մահդ աչքի առաջ գնում ես, կամ կհելնիս, կամ չէ»: Խոպանում ևս 52 տարեկան Գագիկը նույն դժվարությամբ է գումար վաստակում։ Սակայն ասում է՝ այնտեղ գոնե եկամուտ կա․ «Էն էլ մի գործ չի, շոֆեր եմ, վտանգավոր ա»:

Առջևում Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն են, հանդիպումների մի մասը տեղի կունենա Սամարա քաղաքում, որտեղ կառուցվող մարզադաշտի աշխատանքներին նաև Գագիկն է մասնակցում։ Հպարտանում է, որ նման կարևոր իրադարձության նախապատրաստման մեջ իր ներդրումն ունի, բայց սրտնեղում է, որ չի կարող որպես հանդիսատես ներկա գտնվել։ Աշխարհի առաջնությունն ու Սամարան իր տեղում, բայց, ասում է՝ տանը, երեխաների հետ մեկ ափսե տաք ապուր ուտելուն ոչինչ չի փոխարինի:

Ձկնորս, շինարար, վարորդ Գագիկը թեև տարվա մեծ մասն օտար երկրում է անցկացնում, բայց հայրենի գյուղի համար չի դադարում մտահոգվել․ «Իմ գեղի հացն ու ջուրը լյուբոյ հարստության հետ չեմ փոխի»:

Մոտ 3000 բնակիչ ունեցող Արծվանիստում մարդկանց հիմնական զբաղմունքն արտագնա աշխատանքն է և ձկնորսությունը։ Գյուղի խնդիրների և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին Գագիկը լավ գիտի։ Եվ ինպես ինքն է ասում՝ ապրում են լավ ապագայի հույսով․ «Պետք է որ լավ լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG