Միացյալ Նահանգների վերջին նախագահական ընտրություններում ռուսների հնարավոր միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի 13 քաղաքացիների, այդ թվում` նախագահ Պուտինի մերձավորը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինին:
ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, վերջինիս կողմից ֆինանսավորվող՝ Սանկտ Պետերբուրգում հիմնադրված «Ինտերնետ ուսումնասիրությունների գործակալությունը» 2014–2016 թթ․ կեղծ օգտահաշիվներ է ստեղծել սոցիալական ցանցերում` Նահանգներում իրապես բնակվող անձանց և հորինված տվյալներով:
Ըստ մեղադրական եզրակացության, ռուսական կիբեր արշավը փորձել է պառակտել ամերիկյան ընտրազանգվածը՝ քննադատելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին և պաշտպանելով հանրապետական Դոնալդ Թրամփին՝ ակտիվ աշխատելով հատկապես «չկողմնորոշված նահանգներում»: Քվեարկությունից հետո արդեն նույն օգտատերերը մի շարք քաղաքական ակցիաներ են կազմակերպել Թրամփի ընտրության դեմ:
Ամիսներ շարունակված հետաքննությունից հետո հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ռուսական «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» մենեջերներին ու աշխատակիցներին առաջադրել է մի շարք մեղադրանքներ` սկսած հանցավոր համաձայնություններից ու խարդախությունից մինչև անձնական տվյալների հափշտակություն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր «դատարկ խոսակցություն» է որակել այդ մեղադրանքները: «Կարելի է ինչ ասես հրապարակել, սակայն, քանի դեռ մենք չենք տեսել փաստերը, մնացած ամեն ինչ դատարկաբանություն է»,- մյունխենյան համաժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: