Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն հրապարակում է մոր և դստեր մահվան գործով պարզված որոշ հանգամանքներ


Քննչական կոմիտեն այսօր տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու 37-ամյա Գ. Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր մահվան բոլոր հանգամանքները։

Դիակները հայտնաբերվել են երեկ Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանությունը») և 110-րդ հոդվածի («Ինքնասպանության հասցնելը») 1-ին մասերով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Մոր և դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից։

Քրեական գործով պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, վերցրել այն և դուրս եկել։ Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մոր և նրա դստեր անհետ կորելու վերաբերյալ ահազանգը Ոստիկանությունում ստացվել է փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, մայր և աղջիկ տանից դուրս են եկել և դեռ չեն վերադարձել։

Արաբկիրի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG