Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը վստահեցրել է՝ ո՛չ բիզնես ունի, ո՛չ եկամուտ


Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում վստահեցրել է՝ ո՛չ բիզնես ունի, ո՛չ եկամուտ:

Նշենք, որ մոտ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Սարգսյանն իրավապաշտպանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Մեծ Բրիտանիայի իր քաղաքացիությունից հրաժարվելու ժամկետների, իր և կնոջ եկամուտները չհայտարարագրելու պատճառների ու նաև իր բիզնեսների հետ կապված հարցը:

Հանդիպումից հետո «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը, «Ազատության»-ը փոխանցեց, թե Արմեն Սարգսյանը վստահեցրել է՝ բիզնես չունի:

Սոնա Այվազյան, արխիվ
Սոնա Այվազյան, արխիվ

Այվազյան. - Պատասխանեց, որ բիզնեսներ ինքը չունի, և այն բիզնեսները, որոնք իր անվան հետ են կապվում, հիմնականում տղաներն են վարում, որ եկամուտ ևս չունի, ժամանակի ընթացքում կարողացել է բավականին բարձր վարձատրվող աշխատանք ունենալ և կուտակել գումար։

«Ազատություն». - Եկամուտների մասով ի՞նչ ասաց, ինչո՞ւ չեն հայտարարագրել ինքն ու կինը։

Այվազյան. - Որովհետև չկա, ինքը հիմա վճարովի աշխատանք չունի և այդ պատճառով եկամուտ չի հայտարարագրել։

«Ազատություն». - Փաստորեն ինքը չի վճարվում դեսպանի աշխատանքի համար, պատճառաբանությունը դա էր։

Այվազյան. - Դեսպանի աշխատանքի և առհասարակ վճարովի աշխատանք, որպես այդպիսին, չունի։ Եթե եկամուտ չկա, պարզ է, որ ոչինչ չես կարող հայտարարագրել։

«Ազատություն». - Այսինքն՝ և՛ նա, և՛ իր կինը որևէ եկամուտ չունե՞ն։

Այվազյան. - Ասվում էր, որ ոչ։

Ի դեպ, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի, Արմեն Սարգսյանը վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2016 թվականին, նրա եկամուտների մասին որևէ տեղեկատվություն չկա, փոխարենը Հանրապետականի նախագահի թեկնածուն հայտարարագրել է դրամական միջոցները, որոնք կազմել են ավելի քան 6 միլիոն եվրո։

Ինչ վերաբերում է նրա տիկնոջը՝ Նունե Սարգսյանին, ապա նա նույնպես որևէ եկամուտ չի հայտարարագրել՝ ընդամենը նշելով, որ ունի 850 հազար եվրո:

Նշենք, որ մոտ երկու տասնյակ հասարակական և իրավապաշտպան գործունեություն իրականացնող կազմակերպություններ նամակ էին հղել Արմեն Սարգսյանին՝ պահանջելով պաշտոնական տեղեկանք, որը կհավաստի իր կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին, բացի այդ պաշտոնական տեղեկանք՝ իր բիզնեսները հավատարմագրային կառավարմանը հանձնելու վերաբերյալ, իր և իր կնոջ, այդ թվում՝ բիզնեսներից ստացված եկամուտները, ինչպես նաև՝ հիմնավորում, թե որն է եղել դրանք 2013-ից մինչ օրս չհայտարարագրելու պատճառը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի փոխանցմամբ, անդրադառնալով իր քաղաքացիության խնդրին, Արմեն Սարգսյանը կրկին վստահեցրել է՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2011 թվականին:

Նշենք, որ Սահմանադրության համաձայն Հայաստանի նախագահ կարող է ընտրվել այն անձը, ով վերջին 6 տարում եղել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

«Նա պնդում է, որ 2011 թվականին հրաժարվել է քաղաքացիությունից և այն փաստաթղթերը, որոնք որ կան համացանցում, դրանք պարզապես այդպես իներցիայով շարունակել են նշել բրիտանական քաղաքացիությունը։ Գիտեք՝ մենք չենք կարող ստուգել անշուշտ այդ ամեն ինչը, որպեսզի մենք կարողանանք բավարարված, կամ անբավարարված լինել։ Ամեն դեպքում խոստացավ, որ նաև հրապարակային դրա մասին կասի։ Ինքը երևի արդեն կորոշի՝ ինչպես կարող է այդ հիմնավաորումը տալ, ամեն դեպքում, ինքը խոստացել է, որ դրանց արձագանք կտա», - ասաց Այվազյանը։

Բիզնեսի ու քաղաքացիության հարցերից բացի Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում իրավապաշտպաններն անդրադարձել են նաև արդարադատության համակարգին, ինչպես բնորոշեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսել են արդարադատության զրոյական վիճակի մասին։

Ավետիք Իշխանյան, արխիվ
Ավետիք Իշխանյան, արխիվ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին՝ թվարկելով նրանցից մի քանիսի անունները:

Հիշեցնենք, լրագրողների հետ զրույցում Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ասել էր, թե տեղյակ չէ՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞՝ ոչ։

«Ես հասկացա իր խոսքից, որ մարդ է, որը որ եկել է Հայաստան և գիտի, թե ուր է եկել, ինչ խնդիրներ կան Հայաստանում, տեղյակ է եղած խնդիրների հիմնական մասից, այդ թվում՝ նաև արդարադատության որակից և վիճակից, և այն խնդրից, որ մարդիկ կան քաղաքական նկատառումներով կալանավայրերում։ Ես խոսել եմ արդարադատության զրոյական վիճակից, ես խոսել եմ քաղբանտարկյալների գոյությունից, նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունից։ Առանձին անուններ շեշտվել են՝ «Տոնածառի դեպքն» եմ ասել՝ Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի անունն է հնչել, հնչել է Սամվել Բաբայանի անունը, Շանթ Հարությունյանենց անունն է հնչել և իրենց գործն է հնչել», - ասաց Հարությունյանը։

Վարդան Հարությունյան, արխիվ
Վարդան Հարությունյան, արխիվ

Հարցին, թե ինչպե՞ս էր արձագանքում Արմեն Սարգսյանը, իրավապաշտպանը պատասխանեց. - «Իր ասելիքն այնքան էական չէ, ինչքան որ ինձ համար գոնե այն էր, որ ես այդ մասին պետք է ասեի, և շատ կարևոր խնդրի եմ իմ կարծիքով անդրադարձել երկու անգամ՝ պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը, որ Հայաստանում շատ լուրջ խնդիր է դարձել, որի պատճառով կալանավայրերը լցված են բանտարկյալներով։ Նա ասաց, որ ինքը պետք է այդ ամենն ուսումնասիրի և իմանա։ Կուսումնասիրի, կտեղեկանա, նրա հնարավորությունները կներեն արդյո՞ք լուծել այդ խնդիրները, թե՞՝ ոչ, ես չգիտեմ, ես սա նաև իրեն եմ ասել, ինքը պետք է փորձի դա անել։ Կկարողանա՞, թե՞՝ ոչ, արդեն չգիտեմ, մնացած բոլոր հարցերը պետք է իրեն ուղղեք, թե ինքն ի՞նչ կանի և ինչպե՞ս դա կանի»։

Հայաստանում քաղբանտարկյալների խնդրից բացի Վարդան Հարությունյանն Արմեն Սարգսյանին նաև փոխանցել է՝ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչ պայմանավորված է մեկ մարդով, և նրանց, ովքեր կհամաձայնեն լինել այդ համակարգում՝ բարդ է լինելու և դժվար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG