Մատչելիության հղումներ

Երևանում ելույթ կունենա չինացի հանրահայտ դաշնակահար Չժան Հայոուն


Այս երեկո Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Չինաստանից ժամանած անվանի դաշնակահար Չժան Հայոուի համերգը:

«Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգը պետական կամերային նվագախմբի այս տարվա առաջին համերգն է Հայաստանում, բայց, ինչպես այսօրվա համերգից առաջ հրավիրված ասուլիսին շեշտեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, իրականում նվագախմբի այս տարվա առաջին համերգը տեղի է ունեցել Ժնևում՝ Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի հովանու ներքո:

Համերգն ի դեպ, Վահան Մարտիրոսյանի հավաստիացմամբ, մեծ հաջողությամբ է անցել և շատ ջերմ ընդունելության է արժանացել:

Ինչ վերաբերում է այս երեկո կայանալիք համերգին Չինաստանից ժամանած անվանի դաշնակահարի մասնակցությամբ, ապա, Մարտիրոսյանի խոսքով, ինքն անցյալ տարեվերջին ներկա է գտնվել Լոնդոնում կայացած Չժան Հայոուի համերգին ու անչափ տպավորվել, և հենց այդ համերգից հետո էլ դաշնակահարին հրավիրել է Հայաստան:

Հյուրախաղերի հրավերը Չժան Հայոուն սիրով է ընդունել: Այսօր ասում էր, որ Հայաստանի մասին որպես հինավուրց երկիր, շատ է լսել և մեծ հետաքրքրասիրությամբ է եկել Հայաստան: Դեռ շատ բան չի տեսել, բայց հասցրել է վայելել հայկական խոհանոցի խորտիկներն ու շատ տպավորվել:

Հայ կոմպոզիտորներից շատ լավ ծանոթ է, իհարկե, Արամ Խաչատրյանին: Կոմիտասի անունն այստեղ է լսել: Ի դեպ, պարզվում է, որ Արամ Խաչատրյանի անունը չափազանց հայտնի է Չինաստանում ոչ միայն միլիոնավոր երաժշտասերների շրջանակում, այլև դաշնակահարի մասնագիտությունն ընտրած այն 50 միլիոն պատանիների և երիտասարդների մեջ, որոնք մանուկ հասակից դաշնամուրի դասերին պարտադիր Արամ Խաչատրյանի մանկական ստեղծագործություններն են սովորում:

Հայտնի է, որ Չինաստանում դասական երաժշտությունը չափազանց մեծ տարածում ունի:

Չժան Հայոուն այսպես է բացատրում դրա պատճառը․ - «Անցյալ դարի 80-ականներին պատկերը բոլորովին այլ էր, բայց տնտեսական զարգացմանը, աճին զուգահեռ աստիճանաբար նաև մարդկանց մոտ դասական արվեստին ու մշակույթին առավել մոտ գտնվելու ցանկություն առաջացավ»:

Չինացի երաժիշտը շեշտեց, որ դասական երաժշտարվեստում հատկապես դաշնամուրային արվեստն է չափազանց տարածված: Ասում էր, որ իր համերկրացիները մեծ ներդրումներ են կատարում երեխաների երաժշտական կրթության համար և երազում են, որ նրանք շատ մեծ բարձունքներ կնվաճեն:

Եվ ինքը, որպես երաժիշտ, շատ մեծ պատասխանատվություն է զգում՝ հենց մանուկների և պատանիների շրջանում նպաստելու դասական, դաշնամուրային երաժշտության դաստիարակությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG