Մատչելիության հղումներ

«Մեր ժողովուրդը շատ է մասնատված ու բաժանված». Արմեն Սարգսյան


«Մեր ազգը և ժողովուրդը շատ է մասնատված ու բաժանված», այսօր լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց իշխող Հանրապետականի` Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ շեշտելով՝ անկախ այն բանից, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը, այդ անձը երկրի ներսում պետք է սկսի ազգային երկխոսություն:

Ի դեպ Արմեն Սարգսյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե քանի որ հասարակությունը չի վստահում իշխող Հանրապետականին, նա հանրության տարբեր շերտերի հետ հանդիպումների միջոցով փորձում է լեգիտիմացնել այդ ուժին:

Արմեն Սարգսյանը շեշտեց՝ ինքը Հանրապետականի անդամ չէ՝ հորդորելով չբևեռացնել հասարակությանը:

«Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, և ակնկալում եմ, որ մարդիկ Ազգային ժողովում, և ընդհանրապես ավելի լայն հասարակությունն, իր քվեարկությունը՝ լինի Ազգային ժողովում, կամ Ազգային ժողովից դուրս, կտա մարդուն, անկախ նրանից, թե ով է առաջարկում թեկնածությունը։ Ինձ համար պատիվ է, որ հանրապետության նախագահն առաջարկել է իմ թեկնածությունը քննարկել, և այնպես բևեռացնել հասարակությունը՝ «եթե դուք եք առաջարկում, ուրեմն մենք դեմ կլինենք, որովհետև դուք եք առաջարկել, իսկ եթե մենք առաջարկենք, դուք դեմ կլինեք»... մեր երկրում բոլոր կազմակերպությունները, կառույցները, կուսակցությունները Ազգային ժողովում, Ազգային ժողովից դուրս պետք է սկսեն երկխոսությունը, հակառակ դեպքում մեր հասարակությունը կմնա, կդառնա ավելի մասնատված», - ասաց Արմեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ով էլ ընտրվի նախագահ ազգային երկխոսություն կսկսի։

«Եվ ես հույս ունեմ, որ անկախ նրանից, թե ով լինի նախագահ՝ ես լինեմ, ով լինի, նախագահն այն անձը պետք է լինի, որ էդ երկրի ներսում և նույնիսկ դրսում այդ երկխոսությունը սկսի, որպեսզի չբաժանենք մեզ նորից սև-սպիտակ, հարուստ-աղքատ, էս կուսակցություն-էն կուսակցություն, հայաստանցի-սփյուռքահայ, շատ է բաժանված մասնատված մեր ազգը և ժողովուրդը», - ասաց Սարգսյանը։

Հանրապետականի՝ Հայաստանի նախագահի թեկնածուն շեշտեց՝ այսօր հսկայական խնդիրներ կան տնտեսության զարգացման, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ձևավորման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության հաստատման, աղքատության վերացման հետ կապված: Եվ եթե ազգային երկխոսություն չլինի, ապա Արմեն Սարգսյանի համոզմամբ, այս խնդիրներից որևէ մեկը չի լուծվելու:

«Եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին բաժանեք իմը և քոնը, ապագա վարչապետին՝ իմը և քոնը, նախարարին, գյուղապետին, տեղ չենք հասնի։ Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է։ Ժամանակն է, որպեսզի խոսենք, որովհետև մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք պատկերացնում ենք», - ասաց Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) հանդիպել է սփյուռքահայ կառույցների՝ Հայ օգնության միության, Հայ օգնության ֆոնդի, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության, Իզմիրլյան հիմնադրամի, «Օրրան»-ի ներկայացուցիչների հետ:

Արմեն Սարգսյանն ապա հանդիպել է Ազգային փոքրամասնությունների խորհրդին, որտեղ ընդգրկված են Հայաստանում բնակվող երկու տասնյակից ավելի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Թե իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուն երբ կավարտի մոտ երեք շաբաթ շարունակվող հանդիպումներն ու այցելություններն, առայժմ հստակ չէ:

Արմեն Սարգսյանը նախօրեին տեղեկացրեց, որ մոտ օրերս կհանդիպի Սերժ Սարգսյանին, որի ժամանակ էլ կհայտնի նախագահի թեկնածու լինելու առաջարկն ընդունո՞ւմ է, թե՞՝ ոչ։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG