Մատչելիության հղումներ

Իսրայելի Քնեսեթը մերժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը


Իսրայել - Քնեսեթի շենքը Երուսաղեմում
Իսրայել - Քնեսեթի շենքը Երուսաղեմում

Այսօր Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Այն ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց: Նախագծի հեղինակը «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր:

Նա խոսեց ընդամենը 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939 թվականին արտասանած հետևյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասաց «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավարը:

Պատգամավորներից շատերը հարց էին հնչեցնում՝ ինչու՞ է հիմա ներկայացվում այդ նախագիծը, ինչին ի պատասխան՝ «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավար Լապիդն ասում էր․ «Այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ, այն պարզ բարոյական հարց է այն բանի վերաբերյալ, թե մենք՝ հրեաներս արդյո՞ք կարող ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության և իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների և ոչ հրեաների խղճի հարցն է»:

Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելին քննարկման ժամանակ ասաց․ «1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայաստանի արտգործնախարարության հիմնական նպատակը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: 2015 թվականին Հայաստանի կառավարությունը նպատակ էր դրել, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Իսրայելը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Երեքն էլ չճանաչեցին:

Այս խնդիրը մի քանի անգամ քննարկվել է, բայց մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, և մենք՝ հրեաներս հասկանում ենք դա, բայց չենք կարող փոխել մեր արտաքին քաղաքականությունը, քանի որ առկա են դիվանագիտական մեծ խնդիրներ»:

Իր ելույթից հետո Իսրայելի ԱԳ փոխնախարարն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին: Քննարկման ժամանակ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ինչից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Այս օրերին Իսրայելում գտվող՝ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամները չեն ցանկացել ներկա գտնվել Քնեսեթում կայացած քննարկումներին և քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG