Մատչելիության հղումներ

Գնաճի հետևանքները մեղմելու ուղղությամբ առայժմ ոչինչ չի ձեռնարկվել


Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի շատ տեսակներ այս հունվարին նկատելիորեն թանկացել են: Մինչդեռ խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահը խոստովանում է՝ դեռ որևէ միջոցառում չի նկատել, որ իշխանությունները ձեռնարկել են թանկացումների հետևանքները մեղմելու համար:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, օրինակ, կարագը թանկացել է 37.9 տոկոսով, խոզի միսը 36.1 տոկոսով, ձուկը՝ 29.2 տոկոսով, գառան միսը՝ 28.9 տոկոսով, տավարի միսը՝ 21.9 տոկոսով, կարտոֆիլը՝ 17.3 տոկոսով, պանիրը՝ 12.3 տոկոսով, կաթնամթերքը 7.1 տոկոսով, ձուն՝ 6.8 տոկոսով, ձիթապտղի յուղը՝ 5.8 տոկոսով:

Սա, բնականաբար, ամբողջական ցանկը չէ, սակայն հատկանշական է, որ պաշտոնական այս թվերը հրապարակվեցին իշխանությունների կողմից հնչեցրած բազմաթիվ հավաստիացումներից հետո, թե միջոցներ են ձեռնարկվելու գնաճի հետևանքները մեղմելու նպատակով, որպեսզի թանկացումները ցավոտ չլինեն հատկապես սոցիալապես անապահով խավի համար:

Թանկացումների ու դրա հետևանքների մեղմման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հունվարին անցկացված հատուկ խորհրդակցության ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց․ - «Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումները ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները: Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել: Մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի գները, ձեռքբերումը գյուղացիական տնտեսությունների կողմից: Ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետևանքները: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե ինչպիսի նաև լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր առաջին հերթին սոցիալապես անապահով խավի վրա»:

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանից այսօր հետաքրքրվեցինք՝ թանկացումների ֆոնին անապահով խավի կողքին կանգնելու իշխանությունների հավաստիացումներից, գնաճի վերաբերյալ խորհրդարանում կազմակերպված հայտնի լսումներից հետո, ի վերջո ի՞նչ է ձեռնարկվում այս թանկացումների հետ կապված:

Հակոբյանի պատասխանը․ - «Լսում են կազմակերպել, քննարկել են: Կարծում եմ, լսումներ կազմակերպողներին պետք է հարցնեք, ինձ հարցնում եք, որ ի՞նչ: Որպես Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ես ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ՝ երբ որ գան շոշափելի թանկացումներ, իշխանությունները պետք է ձեռնարկեն միջոցներ հասարականության աղքատ շերտի համար»:

Հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկել սննամթերքի բազմաթիվ տեսակների թանկացումների կապակցությամբ, պատգամավորն արձագանքեց․ - «Դեռ չգիտեմ ես: Դեռ նման միջոցառում չեմ տեսել ես»:

Իշխանությունները նախընտրում են խոսել գնաճի միջինացված թվից, որն իր մեջ ներառում է 452 ապրանք-ծառայության տվյալներ՝ սննդից սկսած, կենցաղային իրեր, հագուստ, կոշիկ, մինչև կապի ու հյուրանոցային ծառայությունների գներ: Այս տեսքով 2018 թվականի հունվարին՝ 2017-ի հունվարի համեմատ, գրանցվել է ընդամենը 2.7 տոկոս գնաճ:

Անցած տարվա գնաճի այս միջինացված թիվն էր, օրինակ, վերջերս ներկայացնում վարչապետ Կարեն Կարեպետյանը, երբ Ազգային ժողովում հռետորական հարց բարձրացրեց, թե ո՞ր գինն է չոքել մեր դռանը․ - «Դուք ասում եք գնաճը սարսափելի ա, ես ասում եմ՝ սարսափելի չի: Տարին ամփոփենք, մեր աճի տեմպերը լինելու են երեք երկրից ամենաբարձրը: Ամենացածր գնաճ, ամենաբարձ աճի տեմպ: 2.6 տոկոս գնաճ․․․ որ դուք ասում եք՝ չոքել ա մեր դռանը, ո՞ր գինն ա չոքե մեր դռանը»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով, առաջին անհրաժեշտության սննդամթերքի շատ տեսակների նման թանկացման հետևանքով հայաստանացիների մեծ մասը ավելի վատ են սնվելու՝ ստանալով ավելի քիչ կալորիաներ․ - «Եկամուտների աճը անհամահունչ է գնաճին: Նվազագույն աշխատավարձի փոփոխություն չունենք, կենսաթոշակում փոփոխություն չունենք: Այսինքն, առնվազն էդ մեծ տոկոսի համար, իսկ մենք ունենք 30 տոկոս աղքատ հասարակություն, էլ չեմ ասում, որ աղքատ չի, բայց սոցիալապես անապահով ա, սոցիալապես անապահով խավին մոտ խավն էլ էլի շատ մեծ տոկոս ա կազմում․․․ Էս մարդկանց կյանքը էականորեն վատացել ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG