«Կրեմլը չի տիրապետում տեղեկությունների, որոնք թույլ կտային բխեցնել, որ Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցում են ռուսաստանցիներ․ չի բացառվում, որ այնտեղ կան ՌԴ քաղաքացիներ, սակայն նրանք ռուսական բանակի հետ որևէ կապ չունեն»: Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, թե Կրեմլում տեղյակ չեն՝ փետրվարի 7-ին քանի է ռուսաստանցի է զոհվել Դեյր Էզ Զորի մոտակայքում:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները չեն պատրաստվում արգելել երկրի քաղաքացիների այցերը Սիրիա, քանի դեռ այնտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, Պեսկովը պատասխանել է, թե նման մտադրության մասին իրեն ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք՝ վերջին օրերին միջազգային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Սիրիայում՝ Դեյր էզ Զորի մոտակայքում ԱՄՆ օդուժի և սիրիական ընդդիմության ուժերի հասցրած հարվածներից զոհվել են «Վագներ» մասնավոր ընկերության վարձկաններ հանդիսացող բազմաթիվ ռուսաստանցիներ։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին բաց նամակով նախագահ Պուտինից պահանջեց պարզաբանել, թե իրականում ինչ է կատարվել Սիրիայի նշված շրջանում, երեկ ռուսաստանյան մամուլը դարձյալ անդրադարձավ այդ թեմային: ՌԴ դաշնային հեռուստաընկերությունները, սակայն, լռում են: Ռուսաստանյան մամուլը զոհերի թվի մասին իրարամերժ տեղեկություններ է տալիս:
Նախօրեին «Բլումբերգ» գործակալությունը հայտնել էր, որ Դեյր Էզ Զորի մոտակայքում զոհվել են 200 ռուսաստանցիներ: Համանման տվյալներ է ներկայացնում The New York Times-ը, հղում անելով Սիրիայում անվտանգության ոլորտում ներգրավված ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Իոնովին։ Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեցն» ու «Վեդոմոստին» էլ, իրենց հերթին, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրներին, գրում են 40 զոհվածների մասին: «Նովայա գազետայի» տվյալներով էլ զոհվել է 13 ռուսատսանցի։ «Կոմերսանտը» գրում է 11 զոհվածների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, պաշտոնապես հայտարարում է, որ Դեյր Էզ Զորում զոհված ՌԴ քաղաքացիներ չկան։ Երեկ ռուսական աղբյուրները հաղորդում էին, որ այդ շրջանում սիրիական բանակն ու ռուս վարձկանները փորձել են գրավել քրդերի և կոալիցիոն ուժերի վերահսկողության տակ անցած նավթային գործարաններից մեկը։ Ըստ նույն աղբյուրների, գրոհը համաձայնեցված չի եղել Սիրիայում ռուսական ռազմական ղեկավարության հետ, ուստի ձախողվել է:
Այս հարցն ակտիվորեն քննարկվում է ռուսական ինտերնետ տարածքում: Օգտատերերից ոմանք գրում են, որ այս միջադեպի պատճառով Պուտինն անգամ չեղարկել է Կրեմլից դուրս իր մասնակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերքել է այդ տեղեկությունները, ասելով, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն։ Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը Կրեմլը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը պարզապես «մի քիչ մրսել և հիվանդացել է»։
Ռազմական հարցերով փորձագետ Վիկտոր Ալկսնիսն «Ազատության» ռուսական ծառայության եթերում մեկնաբանելով «Վագներ» մասնավոր ընկերության գործունեությունը Սիրիայում, ասել է․ «Քանի որ Պուտինը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելիս հայտարարել էր, որ ռուսական զորքը չի մասնակցելու ցամաքային գործողություններին, հորինել են հետյալ մեխանիզմը՝ ստեղծել մասնավոր ռազմական ընկերություն, որը մինչ այդ Ռուսաստանում գոյություն չուներ:
Ընկերության բազան Կրասնոդարի մարզում է՝ Գլխավոր հետախուզական վարչության հատուկ ծառայության բազայի կողքին։ Պաշտոնապես Ռուսաստանի իշխանություններն այդ ընկերությունը չեն ճանաչում, հորինել են այն, քանի որ Պուտինը չէր ցանկանում, որ Սիրիայից ռուս զինվորականների դիեր բերեն տուն, ինչը բացասաբար կանդրադառնար նրա վարկանիշի վրա»: