Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ Հայաստանի դիկտատորը. Լևոն Զուրաբյան


Արմեն Սարգսյանի լուսավոր դեմքը ոչինչ չի փոխելու, «Ազատության» հետ զրույցում շեշտեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, պնդելով՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ Հայաստանի դիկտատորը:

Հիշեցնենք, 22 տարի առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, Արմեն Սարգսյանը կրկին դրսից հրավիրվեց իբրև վարչապետ, և ինչպես Տեր-Պետրոսյանն էր նշել՝ 1996 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության պակաս կար, իսկ Արմեն Սարգսյանը՝ «անծանոթ և ժպտուն մտավորականը» դրական ընդունվեց հասարակության կողմից:

Զուրաբյանը համաձայն է՝ նույն մեթոդն այժմ Սերժ Սարգսյանն է կիրառում, պարզապես իշխանական համակարգերն են տարբեր:

«Կարող եք ասել, որ նույն մեթոդն է կիրառվում, ուղղակի տարբեր կոնտեքստներում է դա արվում՝ էն ժամանակ չկար քաղաքական արատավոր համակարգը՝ կլանային, իր մաֆիոզ կառուցվածքով, բաժանված մոնոպոլիաներով, իսկ ստեղ կա։ Այսինքն՝ եթե մարդիկ հույսեր են կապում, որ ահա եկավ մի մարդ, որը վերջապես վերջը կտա էս կոռումպացված համակարգի, դա բացարձակապես սխալ սպասում է», - ասաց Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե «1996-ին դուք էլ էիք Արմեն Սարգսյանի միջոցով փորձում այդ դրական սպասումներն առաջացնել», ՀԱԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. - «Հասկացա, բայց էն քաղաքական համակարգում դա հնարավոր էր, էս քաղաքական համակարգում դա հնարավոր չէ»։

Որևէ երկիր, որտեղ այսպես խեղդող կոռումպացված միջավայր ու համակարգ է ստեղծվում, այդ միջավայրը փոխելու երկու ձև կա, ասաց Զուրաբյանը՝ շարունակելով. - «Մեկը՝ երբ որ բախտի բերումով, ինչ-որ հրաշքով լինում է մի դիկտատոր, որ ինքը լինում է, չեմ ասի շատ լուսավորված, բայց գոնե նորմալ նպատակներ ունեցող անձ և փորձում է լինելով բռնապետ՝ երկիրը տանի նորմալ ապագա։ Այդպիսի օրինակներ կան, ինչպես, օրինակ, Պինոչետը․ Պինոչետը եկավ ահավոր բռնությամբ՝ տապալելով ժողովրդավարությունը, 4 հազար մարդ վարի տալով, բայց կամաց-կամաց երկիրը տարավ դեպի զարգացում և ժողովրդավարություն։ Դա մի տարբերակն է, բայց դա շատ հազվագյուտ է, որովհետև բռնապետերի 99 տոկոսը լրիվ այլ նպատակներ են հետապնդում։ Եվ երկրորդ տարբերակը դա այն է, որ ժողովրդավարական շարժումը գալիս է և սրբում է այս կլանային համակարգին և հաստատում ժողովրդավարական կարգեր, ուրիշ ճանապարհ չկա»։

«Տվյալ դեպքում դիկտատորը Սերժ Սարգսյանն է և շարունակելու է մնալ Հայաստանի դիկտատորը։ Արմեն Սարգսյանի լուսավոր դեմքը որևէ բան էդ իրողության մեջ չի փոխի։ Մնում է ժողովրդավարական շարժման ուղին։ Կարող եք ասել՝ «10 տարի պայքարեցիք ժողովրդավարական շարժումով, ինչի՞ հասաք», կհամաձայնեմ Ձեզ հետ, որ մեր վերջնական նպատակին չհասանք, բայց դա չի նշանակում, որ այդ մեթոդը, որպես այդպիսին, ավարտված է, վարկաբեկված է։ Դա մնում է միակ ձևը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Հիշեցնենք՝ Հայաստանի չորրորդ նախագահին խորհրդարանը ընտրելու է մարտի 2-ին: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ:

Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG