Վրաստանի նախկին նախագահ, երեկ Կիևից Լեհաստան արտաքսված Միխեիլ Սահակաշվիլին հայտարարում է, թե քաղաքական ապաստան չի խնդրելու Վարշավայից և շարունակելու է պայքարը, մինչև կկարողանա օրինական ճանապարհով Ուկրաինա վերադառնալ:
Պորոշենկոյի վարչակազմին շատ քիչ ժամանակ է մնացել, այսօր Վարշավայում՝ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է «Նոր ուժերի» առաջնորդը, հավաստիացնելով՝ առաջիկայում Ուկրաինայում զանգվածային ցույցեր ու հանրահավաքներ կլինեն:
«Կարծում եմ՝ Պորոշենկոյին շատ քիչ ժամանակ է մնացել, մենք անպայման կհաղթենք նրան, կհաղթենք Ուկրաինայի ժողովրդի խաղաղ դիմակայությամբ: Փետրվարի 18-ին նախատեսված է Ուկրաինայի ընդդիմադիր ուժերի միասնական հանրահավաք և դա ոչ վերջին, ոչ էլ նախավերջին միջոցառումն է, բողոքի ցույցերը գնալով ուժգնանալու են, մինչև վարչակազմը հարկադրված լինի հանձնվել ու հեռանալ»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ընդդիմադիր առաջնորդը հիշեցրել է՝ Ուկրաինայի գլխավոր դատախազը ամիսներ առաջ Գերագույն ռադայի ամբիոնից իրեն մեղադրել էր պետական դավաճանության մեջ՝ պնդելով, թե Սաակաշվիլին համագործակցել է նախկին նախագահ, ռուսների աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչի մերձավոր օլիգարխների հետ և նրանց միջոցներով փորձել է Ուկրաինայում հեղափոխություն իրականացնել: «Ես հիմա պատրաստ եմ կանգնել Ուկրաինայի դատարանի առաջ»,- պնդում է «Նոր ուժերի» առաջնորդը:
«Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պարտավոր էր իմ դեմ հարուցված այդ քրեական գործը հասցնել մինչև ուկրաինական դատարան: Նրանք ինձ մեղադրեցին հեղաշրջում կազմակերպելու, դրսից գումարներ ստանալու մեջ: Եթե մարդուն մեղադրում են պետական հեղաշրջման մեջ, ինչպե՞ս են հետո նրան հանգիստ բաց թողնում երկրից, հիմա ի՞նչ՝ դատախազությունը պետք է հետախուզո՞ւմ հայտարարի՝ ինձ գտնելու համար»,- հարցրել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիին միակը չէ, որ այսօր նման հարց է բարձրացնում: «Բոլորովին վերջերս Խորհրդարանի ամենաբարձր ամբիոնից դատախազը Սաակաշվիլիին պետական դավաճանության մեջ էր մեղադրում, հիմա նրան հանգիստ արտաքսում են, այսինքն նա այլևս դավաճան չէ՞ և ընդամենը սահմա՞նն է ապօրինի հատել», - սոցիալական ցանցերում գրել էր լրագրող Եվգեն Բուդերացկին:
Ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտարարում է, թե իբր տեղյակ չի եղել, որ երկրի միգրացիոն ծառայությունը պատրաստվում է ծանր հանցանքների մեջ մեղադրվող Սաակաշվիլիին Ուկրաինայից արտաքսել: Ներքին գործերի նախարարությունն էլ պնդում է, թե գործել է ըստ սեփական ընթացակարգի՝ իրավապահները հանրային սննդի օբյեկտներից մեկում քաղաքացիություն չունեցող անձ են հայտնաբերել և հանձնել այն երկրին, որտեղից էլ նա եկել էր Ուկրաինա:
Սաակաշվիլին մինչդեռ հակադարձում է՝ ինքը Ուկրաինայում օրինական ապրելու իրավուք է ունեցել, և իշխանություններն իրականում իրեն առևանգել են: Ընդդիմադիր գործչի խոսքով, փաստաբաններն արդեն այս հարցով դիմել են Ուկրաինայի դտախազությանը:
«Վստահ եմ, որ համապատասխան արձագանքը կլինի, նախ և առաջ՝ Ուկրաինայի ժողովրդի կողմից, որը ևս մեկ անգամ համոզվեց, թե ում հետ գործ ունի՝ բացարձակ ամենաթողությամբ զբաղվող պաշտոնայների, մարդկանց, որոնք նվազագույն պատկերացում անգամ չունեն օրենքի ու օրինականության մասին: Պորոշենկոյի օրոք ինձ հազիվ թե հաջողվի վերականգնել քաղաքացիությունս, սակայն, կարծում եմ՝ նրան շատ քիչ ժամանակ է մնացել»,- ասել է Սաակաշվիլին:
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները հայտարարել են, թե ուշադրության կենտրոնում են պահում Վրաստանի նախկին նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը: «Շատ կարևոր է, որ իրավական նորմերը խստագույնս պահպանվեն ոչ միայն նախկին նախագահի, այլև բոլոր քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին:
Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունը կորցրեց 2015-ին, երբ որոշեց ուկրաինական անձնագիր ստանալ ու ստանձնել Օդեսայի նահանգապետի պաշտոնը: Մեկ տարի անց, սակայն, նա հրաժարական տվեց՝ Ուկրաինայի իշխանություններին մեղադրելով համատարած կոռուպցիայի մեջ: Նախագահ Պորոշենկոն, իր հերթին, անցած տարվա ամռանը զրկեց Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից՝ պնդելով, թե նա անձնագիր ստանալիս չի հայտնել, որ հայրենի Վրաստանում իր դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված: Չնայած դրան՝ աշնանը Սաակաշվիլին հաջողեց հատել լեհ-ուկրաինական սահմանը՝ հարյուրավոր աջակիցների հետ ճեղքելով հատուկջոկատայինների ու սահմանապահների պատնեշը:
Հիմա պնդում է՝ կշարունակի պայքարը արդեն եվրոպական քաղաքներում.- «Պատրաստվում եմ շրջել Եվրոպայով, մոբիլիզացնել մարդկանց, մինչև հասնենք մեր նպատակին»,- այսօր ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով՝ ինքը տարել է և կշարունակի պայքարը հանուն Ուկրաինայի ժողովրդավարության: