Մատչելիության հղումներ

«Մեդիալաբ» կայքի խմբագրին նամակներ գրած օգտատիրոջ տունը խուզարկվել է․ ՔԿ


Ծաղրանկարը, որի հրապարակումից հետո Մարիաննա Գրիգորյանի խոսքով, ինքը սպառնալիքներ է ստացել
Ծաղրանկարը, որի հրապարակումից հետո Մարիաննա Գրիգորյանի խոսքով, ինքը սպառնալիքներ է ստացել

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր խուզարկություն է կատարվել «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուք»-ով նամակներ գրած օգտատիրոջ տանը: Նա հրավիրվել է նաև Քննչական կոմիտե:

«Անձը հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն ցանկացել է փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվել։ Հարցաքննությունը ավելի ուշ տեղի կունենա», - ասաց Սոնա Տռուզյանը։

Պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուքի» մի օգտատեր շարունակ սպառնացել է՝ հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը, երբ խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, զրույցներում հիշատակելով է նաև լրագրողի մանկահասակ դստեր անունը։

Ոստիկանության տվյալներով՝ սպանության սպառնալիքներ հնչեցնողը «Hayk Berman Ohanyan» ֆեյսբուքյան օգտատերն է։

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, սպառնացողը Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:

Գլխավոր դատախազությունը «Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալու ահազանգից ավելի քան մեկ շաբաթ անց՝ փետրվարի 6-ին որոշեց քրեական գործ հարուցել՝ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Հարուցած քրգործը այժմ քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ «Մեդիալաբի» գլխավոր խմբագիրը գործով տուժող է ճանաչվել։

Ինչպես «Ազատությանը» փոխանցել է Գրիգորյանի հետ հարցաքննությանը մասնակցած, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ուրբաթ օրը «Մեդիալաբի» խմբագիրը դիմել է քննիչին՝ որպեսզի որպես տուժող ՝ իր և իր ընտանիքի անդամների պաշտպանությունը ապահովելու համար ձեռնարկվեն անվտանգության միջոցներ:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ ինչ որոշում է ընդունվել Գրիգորյանին պաշտպանություն տրամադրելու հարցում՝ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քննարկման արդյունքների մասին նախ կտեղեկացվի տուժողը:

Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրավապահները արդեն 4-րդ օրն է որևէ պատասխան չեն տվել՝ ապահովելու են իր և իր ընտանիքի պաշտպանությունը, թե՝ ոչ։

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել ֆեյսբուքյան օգտատիրոջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG