Մատչելիության հղումներ

Հունվարին Հայաստանի պետպարտքն ավելացել է 123,5 միլիոն դոլարով, հասնելով 6,9 միլիարդի


Վարդան Արամյան, արխիվ
Վարդան Արամյան, արխիվ

2018 թվականը Հայաստանը սկսում է պետական պարտքի տպավորիչ աճով․ միայն հունվարին պետպարտքն ավելացել է 123,5 միլիոն դոլարով՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 6 միլիարդ 898 միլիոն դոլար:

Այն, որ Հայաստանի՝ 7 միլիարդ դոլարի սահմանագծին մոտեցած պետական պարտքն այս տարվա ընթացքում հատելու է այդ շեմը, օրերս «Ազատության» հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, նշելով, որ ծրագրում են այս տարի շուրջ 360 միլիոն դոլար նոր պարտք վերցնել: «Բացաձակ թվով մեր դեֆիցիտը շուրջ 156 միլիարդ [դրամ] է լինելու՝ մոտ 360 միլիոն դոլարի կարգի: Նախորդ տարվա նկատմամբ դա էական նվազեցում է»,- ասաց Արամյանը:

Ֆինանսների նախարարը համեմատում է 2017 թվականի հետ: Անցած տարի Հայաստանի պետական պարտքն ավելացել է 832,5 միլիոն դոլարով: Ընդհանրապես, պետական պարտքի ավելացման տեսանկյունից նախորդ երկու տարիները առանձնանում էին՝ 2016-ին և 2017-ին իշխանություններին հաջողվել է կուտակել լրացուցիչ գրեթե 1,7 միլիարդ դոլարի պարտք (1 միլիարդ 696 միլիոն դոլար):

Թվերն ավելի տպավորիչ են, երբ համեմատում ես 2008 թվականի հետ: 10 տարի առաջ Հայաստանի պետական պարտքը կազմում էր 1,9 միլիարդ դոլար կամ ավելի քան 3,5 անգամ քիչ: Թե այս նույն ժամանակաշրջանում, երբ հայաստանցիների պարտքն աճել է անգամներով, որքան է աճել նրանց բարեկեցությունը, ցույց են տալիս Համաշխարհային բանկի թվերը՝ եթե 2008-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմում էր 4010 դոլար, ապա 2016-ին՝ ավելի քիչ էր՝ 3 614 դոլար (2017թ․ տվյալները դեռ հրապարակված չեն):

Եթե Հայաստանը մինչ այս կուտակել է, ապա հետայսու պետք է մարի: Պետական պարտքի մարման տեսանկյունից ամենածանր տարին 2020 թվականն է լինելու․ այդ տարի պետք է մարվի այսօրվա հաշվարկով 736 միլիոն դոլար:

Վարդան Արամյանը վստահեցրեց՝ կա առնվազն չորս սցենար, օրինակ՝ կարող են նոր պարտք վերցնել, փակել ընթացիկը, արդյունքում՝ ժամանակ շահել և հետաձգել ամբողջական պարտքի մարումը: «Ամբողջական պարտքը, եթե հիշողությունս չի դավաճանում, շուրջ 736 միլիոն է, մեր պարտքի մարումը 2020 թվականին»,- ասաց նախարարը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ երեք տարիերին Հայաստանի պետական պարտքը տարեկան ավելացել է առնվազն 15 տոկոսով, մինչդեռ տնտեսական աճը շատ ավելի համեստ է: Այսինքն՝ երկրի պարտք աճում է անհամեմատ ավելի արագ տեմպով, քան տնտեսությունը․ - «Ի՞նչ է նշանակում տնտեսության 7.7 տոկոս աճ: Մենք ունենք մոտավորապես 10.5 միլիարդ դոլարի կարգի ՀՆԱ, 7.7 տոկոսով որ սա աճում է, ընդամենը մեծանում է մոտավորապես 800 միլիոն դոլարով: Մենակ 2017 թվականի ընթացքում դու արդեն 800 դոլարի ավելի շատ պարտքային բեռ ես կուտակել: Երբ բարձրաձայնվում է 7.7 տոկոսը, մի քիչ պետք է դրա որակական կողմն էլ հաշվի առնել»:

Մանուկյանի գնահատմամբ՝ այն, որ իշխանությունները անարդյունավետ են օգտագործել պարտք վերցված միջոցները վկայում է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը գնաց հարկային դրույքաչափերի բարձրացմանը, որպեսզի կարողանա մարել վարկերը․ - «Ի՞նչ է լինելու սրա վերջը․․․ Կան նույնիսկ եվրոպական երկրներ, որտեղ ՀՆԱ-ի կրկնապատիկը կամ ավելին էլ կա պարտք: Բայց այդտեղ կարևոր է, որ եկամտաստեղծ ուղղությունները բավականաչափ դիվերսիֆիկացված են և կայուն եկամուտներ են բերում: Եվ որ ամենակարևորն է՝ դա դամոկլյան սրի պես կախված չի աշխատողների վրա: Մեր պարագայում բավականին մեծ մտահոգություններին ունեն այդ թվում և միջազգային դոնոր հանրությունը, որի պատճառով էլ տարատեսակ հարկային օրենսգրքեր, տարատեսակ փոփոխություններ․․․ նրանք պետք է փորձեն հարկային մուտքերը ավելացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG