Պակիստանի «Թալիբան»-ը հաստատում է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածների արդյունքում Հյուսիսային Վազիրիստանում սպանվել է շարժման հրամանատարի տեղակալ Խալիդ Մեխսուդը:
Մեխսուդը մասնավորապես մասնակցել էր Կարաչի քաղաքում պակիստանյան ռազմածովային բազայի վրա 2011 թվականի հարձակմանը, ինչպես նաև նրան է վերագրվում 2012-ին Բաննու քաղաքի բանտի վրա հարձակումը:
Թալիբները հարձակումներ են իրականացնում Պակիստանի պետական անվտանգության ուժերի վրա: Պաշտոնական Իսլամաբադը, սակայն, դեմ է ամերիկյան օդուժի հարվածներին, անօդաչու թռչող սարքերի հարձակումներին երկրի տարածքում՝ հայտարարելով, որ դրանք խախտում են երկրի ինքնիշխանությունը: