Հավանականությունը շատ քիչ է, որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարի, թե դեմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ Իհարկե, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն առանձին հանդիպում է ունենալու։ Էս պահը հետաքրքիր է, կարծում եմ ավելի շատ ոչ թե կողմ կամ դեմ լինելով, այլ ինչ պայմաններով կողմ կլինի «Ծառուկյան» դաշինքը։ Էս առանձին հանդիպումը պայմանավորված է երևի թե այն հանգամանքով, որ Արմեն Սարգսյանի բուն դերակատարումը համակարգում նախագահի պաշտոնում պայմանավորված է լինելու նրա միջազգային, տնտեսական և քաղաքական կապերով, նաև միջազգային կապիտալի հետ որոշ կապերով։ Արմեն Սարգսյանը նաև ազդարարեց, որ փորձելու է ներգրավել այդ կապիտալը Հայաստան՝ դա վերածելով նաև իր քաղաքական կապիտալի Հայաստանում, և այստեղ, նկատի ունենալով, որ Ծառուկյանն ինքը խոշոր գործարար է, կապիտալի խոշոր կրող, այստեղ անկասկած առանձին քննարկելու հարցեր են առաջանում՝ ինչպիսի՞ դիրքավորում է լինելու, հարաբերություն, պայմաններ, և այլն։ Եվ այստեղ, կարծում եմ, ավելի շատ խոսք կգնա, թե ինչ պայմաններով է կողմ լինելու «Ծառուկյան» դաշինքը Արմեն Սարգսյանի թեկնածությանը», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Նշենք, որ առաջին փուլով նախագահ ընտրելու համար Հանրապետականին Ազգային ժողովում անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող ուժն առնվազն 14 ձայնի կարիք ունի, և եթե «Ելք»-ը հայտարարում է, որ դեմ է քվեարկելու, ապա, բնականաբար, Հանրապետականը փորձելու է ստանալ ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները։
Շաբաթ օրը Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանն առանձին հանդիպում կունենա, որից հետո նոր «Ծառուկյան» խմբակցությունը վերջնական որոշում կկայացնի։