Երեկ Մոսկվայի մարզում վթարված Ан-148-ի հրամանատարը հրաժարվել էր օդանավի` սառցակալման դեմ նախատեսված նյութով մշակումից: Այսօր այս մասին գրել է մոսկովյան "Коммерсантъ" պարբերականը` վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները:
Թերթի պնդմամբ՝ եղանակի տեսությունը թույլ էր տալիս հրաժարվել սառցակալման դեմ օդանավի հատուկ մշակումից, բայցևայնպես՝ նախաքննության մարմինն այս վարկածն առաջնային է համարում:
«Օդանավի սառցակալումը տեղի է ունենում թռքիչքի առաջին իսկ րոպեներին, ուստի չի բացառվում, որ կիրակի օրը Մոսկվայի մարզում հաստատված անկայուն եղանակը կարող էր հանգեցնել հենց նմանատիպ խնդիրների, որոնք էլ, ի վերջո, վթարի պատճառ են դարձել», - գրում է "Коммерсантъ"-ը` նշելով, որ այս պահին քննչական մարմինների համար օդանավի սառցակալման վարկածն առաջնային է:
Երեկ Մոսկվա-Օրսկ չվերթ իրականացնող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվել են բոլոր 65 ուղևորները և ինքնաթիռի անձնակազմի բոլոր 6 անդամները: