Մատչելիության հղումներ

Բուլղարիայի նախագահ․ «Այս այցը կունենա կոնկրետ չափելիություն»


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահի նստավայրում Ռումեն Ռադևին և Դեսիսլավա Ռադևային դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան կընթանա հաջողությամբ, և Ռադևը կվերադառնա բարեկամ Բուլղարիա ջերմ տպավորություններով և ձեռք բերված պայմանավորվածություններով:

«Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ այս 25 տարիներին մենք ունենք լուրջ ձեռքբերումներ: Եվ թեև մեր երկու երկրների միջև առկա ներուժը ամբողջությամբ չենք օգտագործել, բայց այդ ձեռքբերումներն օրինաչափ են: Օրինաչափ են, որովհետև մեր հարաբերությունները հիմնված են պատմական լավ բարեկամության վրա: Պարո՛ն նախագահ, օգտվելով այս լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ և մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում: Դա նաև կարևոր է մեզ համար, որովհետև մենք էլ ձգտում ենք մերձենալ Եվրոպական միության հետ: Մեկ անգամ ևս բարի գալուստ Հայաստան», - ասել է Սերժ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները պարզապես բարեկամական չեն՝ դրանք, իսկապես, բարեկամական են պատմական առումով:

«Ինչպես Դուք ասացիք՝ մեր երկու ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն իրենց պատմական ճակատագրի հարցում և նրանք միմյանց նկատմամբ մեծ հարգանք ու սեր են տածում: Մենք նույնիսկ պարտական ենք մեր ժողովուրդներին, որովհետև նրանք մեզնից ակնկալում են ավելի դինամիկ փոխհարաբերություններ: Ձեր հրավերով և այս այցով մենք իրականում բացթողում ենք լրացնում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել: Իսկ դա լավագույն նախադրյալն է, որպեսզի զարգանան մեր փոխհարաբերությունները բոլոր բնագավառներում: Ես շատ ուրախ եմ, որ այս այցը կունենա կոնկրետ չափելիություն: Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարևոր փաստաթուղթ: Ես իմ պատվիրակության կազմում ունեմ նաև չորս հոգի, որոնք մեր ամենակարևոր կազմակերպությունների նախագահներն են, և այդ առումով ակնկալիքներ ունեմ, որ իսկապես կակտիվանան մեր փոխհարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում», - Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Ռումեն Ռադևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG