Մատչելիության հղումներ

Կառավարության նախաձեռնությունը փաստաբաններին լռեցնելու համար է. Լուսինե Սահակյան


Կյանքը ցույց է տալիս, որ դատավորների կողմից փաստաբաններին և դատախազներին տուգանելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը փաստաբաններին լռեցնելու համար է, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Սահակյանը կասկածի տակ է դնում դատական համակարգի անաչառությունը՝ նշելով, որ դատարանն այսօր կարող է դատական սանկցիա կիրառել, օրինակ, անձնական մղումներից կամ քաղաքական նկատառումներից ելնելով։

«Այս հարցը շատերն են բարձրացրել, որ այլ երկրներում կան տարբեր կարգավորումներ, երբ որ դատավորը նույնիսկ կարող է ազատությունից զրկել փաստաբանին։ Այստեղ շատ լուրջ հարց է, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության դատական համակարգն այնպիսի դատական համակարգ է, որին կարող ենք մենք այնչափ վստահել, որ թույլ տանք, որպեսզի նա դատական սանկցիա կիրառի տուգանքների տեսքով», - ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Կյանքը ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունն այն բանի համար է, որպեսզի փաստաբաններին լռեցնեն, որովհետև «Սասնա ծռերի»-ի գործով այս հարցը բարձրացավ, երբ որ դատարանները համատարած սանկցիա էին կիրառում փաստաբանների նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատ, որպեսզի նրանց ենթարկեն կարգապահական պատասխանատվության։ Օրինակ այդ դատական սանկցիաները հիմնականում այն բանի համար էին, որ փաստաբանները փորձում էին պաշտպանել իրենց իրավունքները և իրենց վստահորդների իրավունքները»։

Փաստաբանն ընդգծեց, որ մի շարք սանկցիաներ են կիրառվել նաև իր նկատմամբ այն բանի համար, որ փորձել է միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանը թույլ չէր տալիս նման միջնորդությամբ հանդես գալու։

«Դատարանը սանկցիաներ էր կիրառում, փաստորեն, դիմելով Փաստաբանների պալատին։ Այս պարագայում, երբ որ օրենքը նման հնարավորություն է ընձեռում դատարանին, դատարանն արդեն ազատ կարող է նաև տուգանքի տեսքով սանկցիա կիրառել, ինչն արդեն իսկ անթույլատրելի է, որովհետև, ըստ էության, դա փաստաբաններին լռեցնելու փորձ է։ Ես կարծում եմ, որ մենք որևէ կերպ իրավունք չունենք համեմատվելու այլ երկրների հետ, որտեղ դատարանը մնում է դատարան և այդ երկրներում գրեթե բացառված է, որ դատարանը կարող է նման սանկցիաներ կիրառել զուտ անձնական մղումներից ելնելով, կամ, օրինակ քաղաքական նկատառումներից ելնելով, ինչը Հայաստանի Հանրապետությունում համատարած բնույթ ունի։ Ուստիև, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունն այս վիճակի է, Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի ոտք մեկնելու մյուս երկրների հետ, համեմատվելու մյուս երկրների հետ և օրենսդրությունն էլ համապատասխանեցնելու մյուս երկրներին, որտեղ կա դատական համակարգ, կա արդարադատություն, որտեղ դատավորը դատավոր է», - հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ Հայաստանի փաստաբանների պալատը գործադուլ է անցկացնում՝ բողոքելով փաստաբաններին տուգանելու՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG