Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՔԿ-ն բացառել է ահաբեկչության վարկածը


Ռուսաստան - Կործանված օդանավի բեկորներից, 11-ը փետրվարի, 2018թ.
Ռուսաստան - Կործանված օդանավի բեկորներից, 11-ը փետրվարի, 2018թ.

ՌԴ Քննչական կոմիտեն այսօր հայտարարել է, որ երեկ կործանված Ан-148 օդանավում պայթյուն չի եղել՝ փաստորեն բացառելով ահաբեկչության վարկածը:

«Սարատովյան ավիաընկերության» օդաչուները, մինչդեռ, կարծում են, որ երեկ տեղի ունեցածը ահաբեկչություն էր:

«Ազատութան» ռուսական ծառայության հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ավիաընկերության փորձառու օդաչուներից մեկը՝ չցանկանալով հրապարակել իր անունը: Ըստ նրա, ահաբեկչության օգտին խոսում է նաև այն, որ ինքնաթիռը պայթել է օդում:

Կիրակի օրը կործանված Ан-148 օդանավում երեք երեխա կար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է երեկ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի ուղևորների ցուցակը: Օդանավի 65 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամները զոհվել են: Զոհվածների թվում կան նաև հայեր՝ հայազգի երկրորդ օդաչու Սերգեյ Գամբարյանը և ուղևոր Վարսիկ Սևոյանը:

Ավելի վաղ Օրենբուրգի մարզի իշխանությունները տեղեկություն էին տարածել, որ օդանավի գրեթե բոլոր ուղևորները այդ մարզի բնակիչներ են, հետո պարզ դարձավ, որ ինքնաթիռում առնվազն երեք արտասահմանցի կար՝ Շվեյցարիայի, Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:

Օրենբուրգի մարզում այսօր սգո օր է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը հետաքննել Ан-148-ի կործանման դեպքը: Նախագահը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Օդանավի կործանման փաստով Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան» հատկանիշներով:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով, վարկածները երեքն են՝ եղանակային վատ պայմանները, մարդկային գործոնը, այսինքն՝ օդաչուների սխալը, և օդանավի տեխնիկական վիճակը:

Եղանակը, սակայն, երեկ Մոսկվայում նորմալ էր, իսկ օդանավը բավականին նոր էր՝ 2010 թվականին էր արտադրված: Երեկոյան ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ օդանավը չի անցել պարտադիր հակասառցային մշակում թռիչքից առաջ:

Ահաբեկչության մասին ոչ Քննչական կոմիտեն, ոչ էլ արտակարգ իրավիճակների նախարարությունը չեն խոսում: Ռուսական աղբյուրներն էլ գրում են, որ օդանավի շարժիչները մինչև գետնին դիպչելը աշխատում էին: Աղետից մի քանի ժամ անց, այդուհանդերձ, ռուսական աղբյուրները գրում էին, որ պայթյուն է եղել: Մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանի բնակիչները սոցցանցերում գրել են, որ լսել են պայթյունի ձայն:

Օդանավը ռադարներից անհետացել է թռիչքից մի քանի րոպե անց․ այստեղ էլ իրարամերժ տեղեկություններ են՝ վե՞ց րոպե, թե՞ երկու րոպե անց՝ այնքան էլ հասկանալի չէ: «Սև արկղերից» առնվազն մեկն արդեն հայտնաբերել են, իսկ երեկ երեկոյան Օրենբուրգի մարզի իշխանությունները շատ արագ սկսել են փոխհատուցում վճարել օդանավի ուղևորների հարազատներին:

XS
SM
MD
LG