Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալին


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, հանդիպմանը Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։

«Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Հիշեցնենք, օրերս Բրիջիթ Բրինքը այցելել էր նաև Բաքու, հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG