Մատչելիության հղումներ

«Մարտի 1-ի» սպանություններից 10 տարի անց գլխավոր դատախազը հայտարարում է՝ դա բարդ գործ է


Արթուր Դավթյան
Արթուր Դավթյան

Զոհված Գոռ Քլոյանի հայրը տարակուսում է՝ ի՞նչ քննություն են իրականցնում, եթե որևէ տեղեկություն հարազատներին չեն հաղորդում:

2008-ի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած տասը սպանություններից գրեթե տասը տարի անց` անդրադառնալով կատարողներին, հրաման արձակողներին հայտնաբերելու հարցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է՝ «Մարտի 1-ի» գործը բարդ գործ է: Թեև պնդեց, որ տասը սպանությունների քննությունը կասեցված չէ, գործն էլ կարճման միտում չունի, այնուհանդերձ որևէ տեղեկություն չհայտնեց բացահայտման մասին:

«Երբ որ ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ մենք ունենանք, օրինակ, այնպիսի իրավիճակ, երբ որ որևէ անձի դատի տալու խնդիր ունենք, որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք՝ բավարար ապացույցների համակցությամբ, բնականաբար դա կիրացվի: Այս պահի դրությամբ նախաքննությանը բնորոշ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Որոշակի արդյունքների ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնությունը», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Արթուր Դավթյանը:

Ճշտող հարցին, թե տասը սպանությունների գործով մեղադրյալների առումով որևէ առաջընթաց չկա՞, գլխավոր դատախազն արձագանքեց․ - «Բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար: Իսկ «Մարտի 1-ի» քրեական գործի բարդության մասին կարծում եմ բոլորդ լիարժեք պատկերացում ունեք: Ինքը բարդ գործ է, ինքը հազարից ավելի հարցաքննման ենթական անձանց, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր է»:

Մարտի 1-ին «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցի կիրառման հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Ազատությանը» տեղեկացրեց՝ վերջին անգամ իրեն ավելի քան 3 տարի առաջ են հրավիրել «Մարտի 1-ի» գործը քննող ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայություն), երբ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ քրեական մեկ գործը բաժանվեց տասը մասի՝ յուրաքանչյուր զոհի մասով առանձին վարույթների:

Քլոյանն ասաց՝ այդ օրը չորրորդ անգամ է փոխանցել որդու սպանության մասին ունեցած տեղեկությունները․ թե որտե՞ղ, ո՞ր ժամին է եղել դեպքը, ո՞վ է կիրառել հատուկ միջոցը: Պնդեց՝ անուններ էլ է տվել: Սարգիս Քլոյանը տարակուսած էր՝ ի՞նչ քննություն են իրականցնում, եթե որևէ տեղեկություն հարազատներին չեն հաղորդում:

«Չեն էլ հիշում՝ «Մարտի 1» եղել ա, թե չի եղել, կարող եմ էդպես ասել: Գործը էդպես թոզը վրան դրած, դարակներում գցած ա: Դա դատախազի մշտական խոսքն ա եղել՝ որ ամեն ինչ կանենք, իսկ տասը տարի ա ինչի՞ ոչ մի բան չեք արել:Իրենք իրենց չեն դատելու: Իսկ եթե գան նոր ուժեր, իշխանափոխություն լինի, ես հավատացած եմ, գործը կբացահայտվի», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Սարգիս Քլոյանը:

Արթուր Դավթյանը այսօր անդրադարձավ նաև «Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին սպառնալու դեպքին: Կարծում է՝ անգործության մատնված չեն եղել:

Գլխավոր դատախազությունը «Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալու ահազանգից ավելի քան մեկ շաբաթ անց որոշեց քրեական գործ հարուցել՝ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Հարուցած քրգործը Գլխավոր դատախազությունը ուղարկել էր Քննչական կոմիտե:

Պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուքի» մի օգտատեր շարունակ սպառնացել է՝ հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը, երբ խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, զրույցներում հիշատակելով է նաև լրագրողի մանկահասակ դստեր անունը։

Ոստիկանության տվյալներով՝ սպանության սպառնալիքներ հնչեցնողը «Hayk Berman Ohanyan» ֆեյսբուքյան օգտատերն է։

Չնայած հարուցված քրեական գործին, Մարիաննա Գրիգորյանը տեղյակ չէր՝ արդյո՞ք իրավապահները մեղադրանք առաջադրել են «Ֆեյսբուքի» օգտատիրոջը, մինչդեռ գլխավոր դատախազը պնդեց՝ ապահովել են գործի«հրապարակայնությունը»:

«Գիտեք՝ մենք անմիջապես ուղարկեցինք ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու: Այդ իսկ փուլում պարզվել է այն անձը, ով համապատասխան գրառումները կատարել էր խմբագրի նկատմամբ: Անձը հրավիրվել է ոստիկանություն, նրանից վերցվել է բացատրություն, որի արդյունքներում արդեն նյութերում քրեական գործ հարուցելու համար հիմքերը բավարար համարելով՝ հսկողություն իրականացնող դատախազը վերցրել և այդ փաստով հարուցել է քրեական գործ», - ասաց Արթուր Դավթյանը:

«Քրեական գործը ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու համար: Անմիջապես քննիչը ստանալով այս քրեականգործը վարույթ կընդունի, կհրավիրի հաղորդում տված անձին, նրան կտա համապատասխան տուժողի կարգավիճակ և կիրականացվի օբյեկտիվ քննություն իր օբյեկտիվ գնահատականով: Այսինքն՝ մենք արդյունք սրանով ունենք, մենք ունենք անձ, ով համապատասխան հաղորդագրությունների հեղինակն է, մեզ մնում է ընդամենը պատշաճ քննության արդյունքում նրա արարքին տալ իրավաչափ քրեաիրավական գնահատական», - նշեց գլխավոր դատախազը:

Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ գործն արդեն ստացել են, այն քննվելու է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։

«Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանն էլ «Ազատությանը» փոխանցեց՝ Քննչական կոմիտեից ծանուցագիր է ստացել, թե իրեն սպառնալու դեպքով հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել և այսօր հրավիրվել հարցաքննության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG