Մատչելիության հղումներ

«Ներման մասին» օրինագիծը անխնա քննադատվեց ընդդիմադիրների կողմից


Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Ներման մասին» օրենքի նախագիծը:

«Ելք»-ից Արարատ Միրզոյանի կարծիքով, «Ներման մասին» օրենքի նախագիծը ևս մեկ քայլ է դեպի սուպերվարչապետական երկիր:

«Ինչու եք դուք փորձում այս օրենքը ներկայացնել իբրև իրավական համակարգի պրոցեսուալ ռեֆորմ, երբ որ ակնհայտորեն սա քաղաքական, համակարգաստեղծ այն օրենքներից է, որով Հայաստանը դուք տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ, ոչ-հրապարակային կառավարվող մի համակարգի, որտեղ խորհրդարանական երկրի իբրև թե վարչապետը ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան նախորդ սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը», - Ազգային ժողովում հայտարարեց Միրզոյանը:

Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ մերժելու մասին առաջարկությունը նախագահին ներկայացնում է վարչապետը: Խնդրագիրը նախ ուսումնասիրում է վարչապետի ստեղծած Ներման հարցերի քննարկման հանձնաժողովը, որի եզրակացությունը, սակայն, վարչապետի համար խորհրդատվական բնույթ ունի։

Ըստ նախագծի, բացառիկ դեպքերում իր առաջարկությունը վարչապետը նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկման։

Սահմանադրության դեռևս գործող կարգավորումներում շատ ուղիղ է գրված՝ դատապարտյալներին ներում է շնորհում Հանրապետության նախագահը: Փոփոխված սահմանադրության ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող դրույթը, մինչդեռ, ամրագրում է՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:

Էդմոն Մարուքյանի («Ելք») կարծիքով, այս օրինագծով ներման իրավունքը նախագահից ըստ էության վերցնում է և տրվում է վարչապետին:

Մարուքյանի դիտարկմանն արձագանքեց օրինագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը․ - «Նախագահից լիազորություն չի վերցվում, որովհետև այդ լիազորությունները սահմանված են սահմանադրությամբ: Եվ մեխանիզմը, որի հիման վրա գրվել է օրենքը, սահմանվել է նույնպես սահմանադրությամբ: Այսինքն, 139-րդ հոդվածը նախատեսում է պատրադիր, որ պետք է լինի առաջարկություն ներկայացնող մարմին, և ըստ այդմ որոշվել է, որ այդ մարմինը պետք է լինի պառլամենտական հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որովհետև հավաքական կարծիք է ունենալու նաև հանձնաժողովի միջոցով: Եվ ըստ այդմ մենք չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցվում են»:

Պատասխանը, սակայն, չհամոզեց Էդմոն Մարուքյանին․ - «Եթե նախագահի ինստիտուտը այս ձևով ներկայացվեց, գնալով տարբեր կարծիքներով, տարբեր օրենքներով, տարբեր վերլուծություններով հնարավորինս դերը իջեցվեր, միգուցե սահմանադրական փոփոխությունների ժամանակ չնախատեսեինք նախագահի ինստիտուտ, լիներ միայն վարչապետ: Իմաստը ս՞րն էր։ Ինձ մոտ տպավորություն կա, որ սկսված է գործընթաց նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման վերաբերյալ»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ հարցին․ - «Սերժ Սարգսյանը հիմա մտածում է, որ Արմեն Սարգսյանը կաժդի դեն Իշտոյանա վիդել, ասենք, Անգլիայի թագուհուն, Բելգիայի արքայադստերը, էն մեկը, էն մեկը․․․ կարող է հընթացս սկսկի լուրջ վերաբերվել երկրի պետության գլխի իր կարգավիճակին: Դրա համար ասում ա՝ տղերք, դավայ, թևերը կտրեք: Ներման հարցում․․․ նախագահն ո՞վ է, որ ների։ Ես կասեմ՝ կների թե չէ»:

Նախագահը, ըստ նախագծի, կարող է առարկություններով վարչապետին վերադարձնել ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին նրա առաջարկությունը: Եթե վարչապետը չի ընդունում առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ուղարկում է նախագահին, նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է հրապարակի հրամանագիրը, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան:

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանին անհասկանալի է, թե ՍԴ-ում նախագահը ի՞նչ է վիճարկելու․ - «Ինչ-որ մեկը բռնաբարության համար դատված է: Վարչապետը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոշում է, որ պիտի ներում շնորհվի: Այո, կարելի է, որովհետև, ենթադրեք, այս մարդը ընտրությունների ժամանակ մեզ լավ ձայն է բերել: Կամ հակառակը․ ներում չենք շնորհում, թեև կա խնդրագիր, որովհետև ընտրությունների ժամանակ մեզ ձայն չի բերել: Ու գնում է սա նախագահին: Թեև վարչապետը, իր ինչ-որ կուսակցական շահերից ելնելով, կամ մի միլիոն դոլար կաշառք վերցնելով որոշել է ներում շնորհել: Նախագահը չի ուզում ներում շնորհել: Պետք է դիմի Սահմանադրական դատարան: Կարո՞ք եք ինձ ասել՝ Սահմանադրական դատարանում ի՞նչն է վիճարկվելու: Էդ մարդու բռնաբարելը կամ չբռնաբարե՞լը: Բռնաբարելը հակասում է սահմանադրությանը թե ո՞չ․․․ Ինչ-որ աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ չէ, նախագահը որոշում է»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի հանրապետական նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ իրեն պարզ է, թե ինչ հարց կարող է քննարկվել ՍԴ-ում․ - «Սկսած հայեցողության չարաշահումը, դեպքերը, և անգամ այն օրենքը, որը սահմանված է, դրա սահմանադրականության հարցը այս վեճի շրջանակներում կարող է դառնալ քննարկման առարկա»:

Ընդդիմադիրներին նաև այլ հարց էր անհանգստացնում․ Էդմոն Մարուքյանը պնդեց՝ նախագահի ներում շնորհելու հրամանագրերը պետք է լինեն հրապարակային:

«Ժողովրդավարական երկիր հանդիսացող, օրինակ, նույն Բելգիայի թագավորությունը, կամ մեզ նման երկիր Վրաստանը, կամ մի քանի այլ երկրներ, որոնք որ ֆիքսել էինք, չեն հրապարակում այդ հրամանագրերը՝ հենց նպատակ ունենալով չկաշկանդել Հանրապետության նախագահին», - նշեց Սուրեն Քրմոյանը:

Մարուքյանն արձագանքեց․ - «Բելգիայի օրինակը, որ բերում ենք, մենք Բելգիայում չեմ կարծում, թե փորձ ունենք ընտրությունների ժամանակ մարդկանց խոստանալ, որ այսինչ կամ այնինչ դատապարտյալը կներվի, եթե ձայն տա Հանրապետական կուսակցությանը»:

Ներումը, ըստ նախագծի, շնորհվում է խնդրագիր ներկայացնելու դեպքում: Այդ իավունքը տրված է հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձի՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG