Մատչելիության հղումներ

Քանդակագործը վստահ է, որ իր հեղինակած արձանը որոշ ժամանակ անց կընդունվի հանրության կողմից


Քանդակագործ Դավիթ Մինասյանը, ով Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի համար հայտարարված մրցույթի հաղթողն է, իրեն և մեծ աղմուկ բարձրացած էսքիզի արտաքին տեսքին ուղղված քննադատությանը պատասխանում է, որ նախնական աշխատանքը դեռ փոփոխությունների է ենթարկվելու, աղմուկ բարձրացնելու կարիք չկա:

«Ժամանակը կարճ է եղել, ես ներկայացրել եմ միայն գաղափար: Որովհետև, կարծում եմ, որ հեղինակն ավելի լավ է գաղափար տա, որը լավ գործ կդառնա, կարող է աճել, քան թե դեմքին քիչ թե շատ նման՝ վառատնիկով, կոճակով մարդ բերել, որ տեսեք՝ինչ լավ քանդակ եմ անելու: Ես էդ խնդիրը չունեմ», - ասաց Մինասյանը՝ շարունակելով․ - «Արամ Մանուկյանը պատկերված է դրոշը բարձրացնելիս: Քարտեզ-պատվանդանը, որը խորհրդանշում է Հայոց աշխարհը: Բազմադարյա հայ ժողովրդի երազած պետականության դրոշը, որը մենք չենք ունեցել մի քանի հարյուր տարի, նա բարձրացնում է խորքից, փոսից»:

Երևանի քաղաքապետարանը դեռևս անցած տարի որոշում էր կայացրել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Դավիթ Մինասյանը մասնակցել է միայն երկրորդին: Ասում է՝ առաջին փուլին չի մասնակցել Հայաստանից բացակայելու պատճառով:

Քանդակագործ Սամվել Ղազարյանը, ով մասնակցել է մրցույթի երկու փուլերին, պնդում է, թե գործընթացը պատշաճ չի կազմակերպվել․ - «Մայիսին անել ոչ մի բան հնարավոր չէ: Ով էլ փորձի անել, համարյա դավաճանության բնույթ կկրի դա: Ի դեպ, դա օգուտ չի անգամ այն հեղինակին, որին իրենց ընտրել են»:

Մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջին փուլում արժանի և հուսադրող գործեր չեն եղել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել երկրորդ փուլով բաց մրցույթ անցկացնել: Սակայն ընտրված տարբերակում եռագույնի առկայությունը Հաղթանակ Շահումյանին դուր չի եկել․ - «Ժամանակները փոխվում են և՝ շատ արագ: Դրա համար պետք է էնպիսի բան լինի, որ նախ ժամանակի քննությունը ստանա բոլոր ժամանակներում: Չեմ ուզում իմ կարծիքով խոչընդոտեմ կամ ուղղորդեմ ստեղծագործողին: Քանի որ հանձնարարված է, որ պետք է անի Դավիթ Մինասյանը, ուրեմն հուսանք, որ ինքը խոհեմ կգտնվի, հաշվի կառնի մասնագետների կարծիքը»:

Մրցութային հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը դեմ է քվեարկել Դավիթ Մինասյանի աշխատանքին: Նա պնդում է, թե քանդակագործի հաղթանակը նախապես կանխորոշված է եղել․ - «Արդեն որոշված էր, որ պետք է ինքը ընտրվի: Մարդիկ ինչ արգումենտ բերում էին, որ ախր սա վատ է, ասում էին՝ ոչինչ, ոչինչ, կփոխի․․․ Եթե լիներ արվեստի գործ, ես կողմ կլինեի նույնիսկ ամենատարօրինակ գործին: Այստեղ ուղղակի անկատարություն կա, հաջողված չի»:

Թեև քանդակը փոփոխությունների է ենթարկվելու, սակայն Դավիթ Մինասյանը չի պատրաստվում եռագույնը չներառել իր աշխատանքում: «Կանացի դեկոլտե», «բաղնիքի խալաթ» և այլ որակումներին արձագանքում է․ - «Ես ուզում եմ զուգահեռ հիշեմ․ Վարդան Մամիկոնյանի նման հզոր արձանը ասում են՝ շաքարաքլոր, Սայաթ-Նովայի աղբյուր-արձանը Կոնսերվատորիայի դիմաց ասում են՝ սերվանտ: Առնո Բաբաջանյանի արձանի աղմուկը ինչ ահավոր էր․․․ Մեսրոպ Մաշտոցի նման արձանի շեդևրը՝ Ղուկաս Չուբարյանի հեղինակած, քննադատության է ենթարկվել: Քննադատել են կոլեգաները և հանրությունը, ասել են, որ դա նման չի․․․ Չգիտեմ ով ա տեսել Մեսրոպ Մաշտոցի ֆոտոները․․․ Ժողովուրդ, ժամանակից շուտ մի աղմկեք: Մյասնիկյանի արձանին ասում էին չաման դրած բաստուրմա: Շահումյանի նման շեդևրին Մերկուրովի ասում էին տկլոր, լացող և այլն, և այլն: Սա արվեստ է»:

«Տղամարդիկ» արձանախմբի, Լեոնիդ Ենգիբարյանի, Սոս Սարգսյանի արձանների հեղինակը, չնայած իր աշխատանքի շուրջ առաջացած աղմուկին, կարծում է, որ այն շուտով կընդունվի հանրության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG