Մատչելիության հղումներ

Արամ Հակոբյանը հետազոտության է ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում


Արամ Հակոբյանը դատարանի դաւլիճում, արխիվ:
Արամ Հակոբյանը դատարանի դաւլիճում, արխիվ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Հակոբյանն այսօր քաղաքացիական հիվանդանոցում անցել է մի շարք բժշկական հետազոտություններ:

ՔԿՎ-ում, սակայն, չմանրամասնեցին, թե որ հիվանդանոցում և ինչ բնույթի հետազոտման է ենթարկվել ամբաստանյալը՝ խոստանալով արդյունքների մասին մանրամասն տեղեկություն հայտնել վաղը։

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հակոբյանի առողջական վիճակը, հիշեցնեմ, կտրուկ վատթարացել էր փետրվարի 6-ին՝ դատական նիստի ժամանակ։ Ըստ նրա պաշտպան Տիգրան Եգորյանի, շտապօգնության բժիշկներն այդ օրը հայտնել էին, որ Հակոբյանը ունի սուր սրտային անբավարարություն և հնարավոր է կարիք լինի նրան շտապ ստենտավորելու․ - «Սա նշանակում է, որ շտապօգնության բժիշկները արձանագրել են այնպիսի իրավիճակ, որը ըստ էության կյանքի ցուցումով կատարվող գործողությունների անհրաժեշտության մասին է խոսում»:

Դատարանի դահլիճում տեղի ունեցածից հետո Արամ Հակոբյանին էին այցելել նաև օմբուդսմենի գրասենյակից։ ՄԻՊ աշխատակիցները ուսումնասիրել էին նրա բժշկական փաստաթղթերը, ծանոթացել առողջական վիճակին, ապա գրավոր հորդորով դիմել Արդարադատության նախարարությանը՝ նշելով, որ Արամ Հակոբյանին պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ անհրաժեշտ հետազոտություններ անցնելու և դրանցով պայմանավորված հետագա բուժումը կազմակերպելու համար։

Հարցին, թե արդյոք օմբուդսմենի հորդորին էին սպասում, որպեսզի Հակոբյանն անցներ մի շարք հետազոտություններ, Քրեակատարողական վարչության լրատվության բաժնից պատասխանեցին, որ քաղաքացիական հիվանադանոցում զննության ենթարկվելու պատճառը չի եղել ՄԻՊ-ի գրությունը, դա կատարվել է բժշկի ցուցումով:

Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, սակայն, պնդում է, թե իր պաշտպանյալի կյանքի նկատմամբ մինչև այսօր ցուցաբերվել է հանցավոր անտարբերություն։ Արամ Հակոբյանն ունի հիվանդությունների մի մեծ փունջ, որոնք կապված են սրտի, նաև գլխուղեղի անոթների սնուցման խանգարումների հետ։ Փաստաբանը վստահ է, որ իր պաշտպանյալն այժմ կանգնած է կյանքի կորստի վտանգի առաջ․ - «Արամ Հակոբյանը, մեր խորին համոզմամբ, այս պահին առողջական այնպիսի վիճակում է գտնվում, որ ցանկացած պահի, և դա բացարձակ կանխատեսելի չէ, կարող են առաջանալ ծանր հետևանքներ․․․ սրտի կաթված կամ ուղեղի կաթված: Դատապարտյալների [հիվանդանոց] քրեակատարողական հիմնարկը չունի ո՛չ անհրաժեշտ մասնագիտական կազմ, ո՛չ անհրաժեշտ տեխնիկա, ո՛չ անհրաժեշտ պայմաններ նման իրավիճակում անհապաղ օգնություն ցուցաբերելու [համար]: Նրանք նույնիսկ չունեն և Արամ Հակոբյանին չեն տրամադրում այն դեղորայքը, որը նրան նշանակված է: Դեղորայքը նրա ազգականներն են տրամադրում»:

Փաստաբանի խոսքով, Քրեակատարողական վարչությունը մինչև այօր որևէ քայլ չի ձեռնարկել Արամ Հակոբյանի ունեցած հիվանդությունների ծանրության աստիճանը որոշելու համար։ Եգորյանն իր խոսքերն ապացուցում է այն փաստով, որ դեռ հունվարի 17-ին Արամ Հակոբյանին դուրս էին գրել Դատապարտյալների հիվանդանոցից՝ լիովին բուժված լինելու հիմնավորմամբ, սակայն նույն գիշերը կալանավայրում իր պաշտպանյալը շնչահեղձության նոպա է ունեցել:

Զինված խմբի անդամ Արամ Հակոբյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի ձեռք բերման, պահման և փոխադրման, նաև զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթել և պահելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG