Միացյալ Նահանգների առաջնորդած ռազմական դաշինքը երեկ Սիրիայում օդային և ցամաքային հարվածների է ենթարկել նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինված խմբավորումներին: Հաղորդվում է, որ սպանվել է ավելի քան 100 իշխանամետ զինյալ:
Ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ, «դաշինքն այդ հարվածներն իրականացրել է ի պատասխան Ասադին հավատարիմ ստորաբաժանումների կողմից «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման վրա կատարված սադրիչ հարձակման, որին մասնակցել է մոտ 500 զինյալ, կիրառվել են հրետանի, հրասայլեր և հրթիռային կայանքներ»:
Ամերիկացիների ղեկավարած կոալիցիայի «Անկոտրում վճռականություն» ռազմական գործողության հրամանատարությունը հայտնել է, որ իր խորհրդականները գտնվել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորման հենակետում այն պահին, երբ Ասադի աջակիցները հարձակում են նախաձեռնել:
«Դաշինքի ուժերի և «Իսլամական պետության» դեմ պայքարող գործընկերների պաշտպանությունն ապահովելու համար մենք մի շարք պատասխան հարվածներ ենք հասցրել կատարել», - ասվում է դաշինքի տարածած հաղորդագրությունում: Ամերիկացի զինծառայողները բախման ընթացքում չեն տուժել:
Ըստ Reuters-ի, դաշինքը ենթադրում է, որ Ասադին հավատարիմ ուժերը ցանկացել են գրավել տարածքը, որից «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը դուրս է մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման զինյալներին:
Reuters-ի անանուն զրուցակիցը նշել է, որ ամերիկացիները դեռ այդ բախումից առաջ են ռուսներին տեղեկացրել, որ տարածքում կան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ջոկատները: