Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վաղը Ազգային ժողովում կհանդիպի ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության հետ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` վերահաստատելով, որ այդ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը․ ինչպես նախապես հայտարարել էին, «Ելք»-ը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
«Քանի որ իմանալով, որ դեմ ենք քվեարկելու, պարոն Սարգսյանը նախաձեռնել է այդ հանդիպումը, կարծում եմ՝ հանդիպումը ավելի լայն համատեքստ ունի, քան դեմ կամ կողմ քվեարկելը», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Կարծում եմ՝ հենց այն, որ ակնկալում ենք առաջինը լսել պարոն Սարգսյանին, հենց դրա հետ է կապված, այսինքն՝ լսելու ենք նրա տեսլականը, թե նախագահի պաշտոնում նա ինչպես է պատկերացնում իր գործունեությունը և Հայաստանի ընթացքը այս համակարգում, այսօրվա մարտահրավերների շրջանակներում»:
Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագահ առաջադրվելու մասին որոշումը Արմեն Սարգսյանը կկայացնի խորհրդարանի ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումներից հետո:
Նկատենք՝ առաջին փուլով նախագահ ընտրվելու համար Արմեն Սարգսյանի համար խիստ կարևոր է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը: Առանց այդ դաշինքի պատգամավորների օգնության Հանրապետականի նախագահի թեկնածուին չի հաջողվի 79 պատգամավորի ձայն ստանալ՝ Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի ընդամենը 65 պատգամավոր:
«Նախագահի մեր թեկնածուն էս շաբաթվա վերջ կամ մյուս շաբաթվա սկզբին կունենա ևս մի քանի հանդիպում քաղաքական ուժերի հետ, և ինքը կհայտարարի իր որոշումը: Որովհետև առանց ընդդիմության հետ հանդիպելու, բնականաբար, նրան դժվար կլինի գալ վերջնական որոշման, և կարծում եմ՝ ճիշտ էլ կլինի, որպեսզի մեր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպի և՛ «Ելք»-ի, և՛ «Ծառուկյան» դաշինքի հետ: Ես կարծում եմ՝ էդ հանդիպումը շուտով կլինի», - ասաց Շարմազանովը:
«Ազատություն»․ - Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, հանկարծ այդ բանակցությունների կեսից, այսինքն՝ ձեզ հետ, Դաշնակցության հետ հանդիպելուց հետո անմիջապես Արմեն Սարգսյանը ուղևորվեց Մոսկվա:
Շարմազանով․ - Չեմ կարող ասել, ես Արմեն Սարգսյանին չեմ հանդիպել, չեմ զրուցել և իր պլանների մասին տեղյակ չեմ:
«Ազատություն»․ - Առանց Մոսկվայի հնարավոր չէ՞ որոշումը կայացնել: Հայաստանի ցանկացած բարձր պաշտոն զբաղեցնող անձ՝ լինի նախագահ, վարչապետ, անպայման պետք է այցելի Մոսկվա՞:
Շարմազանով․ - Դուք մի քիչ ձևափոխում եք իրականությունը, որովհետև միայն Մոսկվա չէ՝ Լոնդոնում էլ հանդիպում ունեցավ, Միլանում էլ հանդիպում ունեցավ, այսինքն՝ այնպես չէ, որ միայն մոսկվաբնակ համայնքի հետ է հանդիպել: Մոսկվան մեր դաշնակիցն է՝ Մոսկվայից է սկսել:
«Ազատություն»․ - Բարձրաստիճան պաշտոնյաների հետ նո՞ւյնպես հանդիպել է Արմեն Սարգսյանը:
Շարմազանով․ - Տեղյակ չեմ, նախ՝ կոնկրետ մեզ հետ դեռ չի հանդիպել, բայց մինչև որոշում կայացնելը մենք հանդիպում կունենանք պարոն Սարգսյանի հետ: Նախ՝ Մոսկվա գնացել է ոչ թե Պուտինին կամ Մեդվեդևին հանդիպելու, [այլ] գնացել է հանդիպել է մեր ռուսաստանաբնակ հայ համայնքին: Երկրորդը՝ պարոն նախագահի թեկնածուն հանդիպել է ոչ միայն Մոսկվայի մեր հայրենակիցներին: Հանդիպել է և՛ Լոնդոնի, և՛ Միլանի մեր հայրենակիցներին: Ինչպիսի ջերմությամբ եղել է հանդիպումը Մոսկվայում, նույնպիսի ջերմությամբ և բովանդակությամբ հանդիպումներ եղել են և՛ Լոնդոնում, և՛ Միլանում:
«Ազատություն»․ - Ինչո՞ւ Միլանում:
Շարմազանով․ - Արմեն Սարգսյանը կգա՝ կհանդիպեք: Էնտեղի համայնքը միգուցե ակտիվ է, ավելի․․․
«Ազատություն»․ - Միացյալ Նահանգներում ավելի ակտիվ համայնք ունենք:
Շարմազանով․ - Ժամանակ կունենա դեռ Միացյալ Նահանգների հետ հանդիպի:
Մինչ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները՝ փորձելով որոշում կայացնել, լինե՞լ Հանրապետականի նախագահի թեկնածուն, թե՞ ոչ, ընդդիմադիր պատգամավորները ահազանգում են, որ իշխող Հանրապետականը խորհրդարան բերված Սահմանադրական օրենքերի նախագծերի միջոցով փորձում է է՛լ ավելի կրճատել նախագահի լիազորությունները:
Նկատենք, թեև ըստ Սահմանադրության երկրի նախագահն է լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, սակայն խորհրդարան բերված «Ներման մասին» օրենքի նախագծով երկրի ղեկավարն ըստ էության նաև այդ լիազորությունից է զրկվում:
Ընդդիմադիր «Ելք»-ն ահազանգում է՝ Հանրապետականը Հայաստանը փորձում է վերածել տոտալ վարչապետական երկրի:
Իշխող Ուժի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է՝ բոլոր խորհրդարանական երկրներում էլ առաջին ջութակը վարչապետն է․ - Ինչ վերաբերում է սուպերվարչապետական վարչապետական համակարգին, դա անհեթեթ ձևակերպում է, որովհետև աշխարհում նման ձևակերպումներ չկան, և նման համակարգեր չկան: Կա պառլամենտական համակարգ:
«Ազատություն»․ Ասում են Հանրապետականի ստեղծածն է:
Շարմազանով․ - Ասելու փոխարեն լավ կլինի մի քիչ միջազգային փորձը կարդան և հետևեն նույն Գերմանիայի, նույն Հունաստանի, նույն Իտալիայի օրինակը, և կտեսնեն, որ սա Հանրապետականի ստեղծածը չի:
«Ազատություն»․ - Սահմանադրության մեջ չկա գրված, որ վարչապետը ունի ներմալ լիազորություն: Դուք հիմա օրենքի մակարդակում եք այդ փոփոխությունը կատարում:
Շարմազանով․ - Ներման լիազորությունը վարչապետինը չի: Ստորագրում է նախագահը: Պարզապես այդ ամբողջ գործընթացը․․․
«Ազատություն»․ - Չստորագրելու այլընտրանք չի թողնված նախագահին:
Շարմազանով․ - Որովհետև նախագահը ինքը ներկայացուցչական ֆունկցիա հիմնականում ունի: Ինքը պետության գլուխն է:
«Ազատություն»․ - Եվ դրանով կարծես թե վերջանում են նրա լիազորությունները: Անվտանգության խորհրդից էլ դուրս թողեցին․․․
Շարմազանով․ - Նա չի կարող լինել Անվտանգության խորհրդի անդամ, որովհետը Անվտանգության խորհուրդը ապրիլի 9-ից հետո Կառավարության մի մաս է:
«Ազատություն»․ - Ի՞նչ փոխվեց․ սուպերնախագահական համակարգը վերածվեց սուպերվարչապետական համակարգի: Ի՞նչ փոխվեց, եթե բոլոր լծակները դուք կենտրոնացնում եք նաև օրենքների մակարդակում վարչապետի շուրջը՝ թերևս նկատի ունենալով, թե ով է լինելու ապագա վարչապետը:
Շարմազանով․ - Նույնիսկ Ձեր նշած սուպերվարչապետը վեց ամիսը մեկ հաշվետու է պառլամենտին: Ու մեր պառլամենտը ունի բոլոր լծակները վերահսկի գործադիրին, այդ թվում նաև՝ Ձեր նշած սուպերվարչապետին:
«Ազատություն»․ - Նույնիսկ եթե սուպերվարչապետը վերահսկում է ամբողջ խորհրդարա՞նը:
Շարմազանով․ - Մի մարդ չի կարող վերահսկել ամբողջ խորհրդարանը:
Հայաստանի չորրորդ նախագահին խորհրդարանը ընտրելու է մարտի 2-ին: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ: