Մատչելիության հղումներ

Միկոյանի արած զարմանալի դիտողությունը Նիքսոնին 1959 թվականին՝ Թուրքիայում հայերի իրավունքների մասին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Միացյալ Նահանգներ Միկոյանի պատմական այցելության ժամանակ:

Սառը պատերազմի գագաթնակետին երկու մրցակից առաջնորդների միջև քննարկումը քաղաքավարի բնույթ էր կրում, սակայն աշխույժ էր: Նիքսոնը գովասանքի խոսքեր էր ասել Միկոյանի մասին, որը «Միացյալ Նահանգներում բազմաթիվ ընկերներ էր ձեռք բերել, որոնք հիացած էին նրա եռանդով և ճկունությամբ իր տեսակետներն արտահայտելիս»: Նիքսոնը նաև հայտարարել էր, որ «Միկոյանի այցը ԱՄՆ կոտրել էր սառույցը ոչ միայն պաշտոնապես, այլ նաև անձնապես երկու երկրների համապատասխան տեսակետների վերաբերյալ»: Արխիվային փաստաթղթում նշված էր, որ Միկոյանը «սիրալիր պատասխանեց ողջույնի խոսքին և հավելեց, որ փոխնախագահը մեծ վիճաբանող է և ոչ մեկի պարտքի տակ չի մնում»:

Զրույցը շատ արագ վերածվել է քաղաքականի, երբ Միկոյանը դժգոհություն է հայտնել Կոնգրեսի վերջին բանաձևի անպատեհության մասին՝ կոմունիստական իշխանության կողմից բռնագրավված պետությունների վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի: Միկոյանին թվում էր, որ բանաձևը նպատակ ուներ խանգարել Նիքսոնի այցը Խորհրդային Միություն: Նիքսոնը արդարացել է, որ ԱՄՆ Կոնգրեսը անկախ մարմին է, և նույնիսկ նախագահը չի կարող վերահսկել նրա որոշումները... Փոխնախագահ Նիքսոնը շարունակել է բացատրել. - «Մեր բնակչության մեջ կան տարրեր, անկախ նրանից, թե Միկոյանը նրանց կհամարի ճիշտ կամ սխալ, որոնք կարծում են, որ իրենց նախկին հայրենիքներում կառավարությունները պետք է փոխվեն: Մեր Կոնգրեսը հաճախ ընդունում է բանաձևեր, որոնք ներկայացնում են այդ տարրերի տեսակետները, որոնք ներառում են այնպիսի ազգություններ, ինչպիսիք են լեհերը, հունգարացիները և այլն: Բանաձևում և, մասնավորապես, նախագահի հռչակագրում ասվում է, որ դա միայն ամերիկյան ժողովրդի և ամերիկյան կառավարության կարծիքի արտահայտումն է, և որ իրենք չեն փորձում մասնակցել այսպես կոչված քայքայիչ գործողություններին»:

Զարմանալի է, որ Միկոյանը, որը խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, այնուհետև նշել է իր հայկական ինքնության մասին՝ Նիքսոնին ասելով, որ ինքը հայ է «ու թեև Հայաստանի կառավարության կազմում չի գործում, սակայն գիտի այդ հանրապետության Գերագույն խորհրդի 30 պատգամավորների, որոնց հետաքրքրում է, թե ով է իրավունք տվել ամերիկյան կառավարությանը գործել իրենց անունից և ինչու ամերիկյան կառավարությունը ոչինչ չի անում իսկապես ճնշված ժողովուրդների ազատագրման համար, ինչպիսին հայկական փոքրամասնությունն է Թուրքիայում»:

Միկոյանի հայտարարությունը զարմանալի էր, քանի որ նա փոխնախագահ Նիքսոնի հետ խոսում էր որպես խորհրդային ղեկավար, ոչ թե որպես հայ: Բացի այդ, Միկոյանը հայտնի չէր որպես հայ ազգայնական: Իրականում, նա մեղադրվում էր բազմաթիվ հայերի մահվան համար չարաբաստիկ մաքրագործումների ժամանակ կոմունիստական իշխանության օրոք: Միկոյանը չէր աջակցել նաև Խորհրդային Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերամիավորմանը: Ահա սրանք էին պատճառներից մի քանիսը, որ հայերը դժգոհ էին Երևանում Միկոյանի հուշարձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի վերջերս կայացրած որոշումից:

Միկոյանի հակազգային հայացքների հերթական դրսևորումը նրա հայտարարությունն էր 1919թ. դեկտեմբերին, Հայաստանի առաջին անկախ Հանրապետության կարճատև գոյության (1918-1920) ընթացքում. - «Հայ շովինիստները, ապավինելով իմպերիալիստական դաշնակիցներին, առաջ են մղում մի հանցավոր գաղափար՝ «Մեծ Հայաստանի» ստեղծումը պատմական Հայաստանի սահմաններոմ: Այնտեղ հայերի բացակայությունն ու մահմեդական բնակչության բացարձակ ներկայությունը նրանց չի մտահոգում... մեր [Կոմունիստական] կուսակցությունը չի կարող աջակցել «Մեծ» կամ «Փոքր» Թուրքահայաստանի գաղափարին»: Իրականությունն այն է, որ Խորհրդային Միությունը երբեք չի պաշտպանել հայերի իրավունքները Թուրքիայում:

Սակայն Միկոյանը ճիշտ է մատնանշել, որ Միացյալ Նահանգները դեմ է «ճնշված ժողովուրդների ազատագրմանը», երբ «ժողովուրդները ճնշված են իր կողմնակիցների և դաշնակիցների կողմից», ինչպիսին են Թուրքիան և շատ ուրիշներ:

Միկոյանը նաև հարցրել է՝ արդյոք խորհրդային ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն Սպիտակ տան դրական ժեստերի՞ն, թե՞ Պետդեպարտամենտի ավելի թշնամական արձագանքներին: Միկոյանը «հետաքրքրվեց՝ արդյոք Խորհրդային Միությունը պետք է հավատա նախագահի կամ փոխնախագահի հայտարարությունների՞ն, թե՞ պետք է հաշվի առնի Պետդեպարտամենտի այս հայտարարությունը որպես ամերիկյան քաղաքականության ուղղակի արտահայտություն»: Միկոյանը բացատրել է, որ «Նախագահը հանձնարարել է Պետդեպարտամենտին մշակել արտաքին առևտրի զարգացման միջոցառումներ [Խորհրդային Միության հետ]: Պետդեպարտամենտի ձեռնարկած գործողությունների արդյունքում պարզվում է, որ նախագահը մեկ բան է ուզում, Պետքարտուղարությունը՝ մեկ այլ»:

Միկոյանի հետ հանդիպումը ավարտվել է համախոհությամբ, փոխնախագահ Նիքսոնի խոստումով, որ «նա Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո կաշխատի առևտրի խնդիրների ուղղությամբ, բայց պետք է գիտակցել, որ այդ դժվարությունները չեն կարող լուծվել գրչի մեկ հարվածով»:

Վերոնշյալ զրույցը ցույց է տալիս, որ Միկոյանը իրականում «խորամանկ» էր, ինչպես նրան նկարագրում էին արևմտյան պաշտոնյաները: Նա տասնամյակներ շարունակ գոյատևել է Խորհրդային Միության վերնախավում` ավարտելով որպես Գերագույն խորհրդի նախագահ 1964 թվականից մինչև 1965-ին պարտադրված կենսաթոշակի գնալը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG