Երեկ «Պոբեդա» ավիաընկերության Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի ուղևորները Կրասնոյարսկի «Եմելյանովո» օդանավակայանում ստիպված են եղել սառած օդանավում երկու ժամ սպասել իրենց թռիչքին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով: Ռուսաստանի նախագահի օդանավը պետք է վայրէջք կատարեր Կրասնոյարսկի օդանավակայանում, ինչի պատճառով օդանավակայանի տարածքում հատուկ ռեժիմ էր:
Ուղևոր Գրիգորի Սկարչենկոն «Ազատության» ռուսական ծառայության եթերում պատմել է, որ օդանավում հայտարարել են, թե օդանավակայանը փակ է, քանի որ Պուտինի ինքնաթիռն է վայրէջք կատարում, և նույնիսկ օդանավակայանի աշխատակիցները չեն կարողացել տեղաշարժվել և մոտենալ՝ օդանավի անցուղիները հեռացնելու համար: «Դռները բաց էին, օդանավում ցուրտ էր, կային երեխաներ, սառչում էինք: Բախտներս բերեց, որ շատ ցուրտ չէր՝ ընդամենը -16 աստիճան», - փոխանցել է ուղևորը:
Ավելի վաղ Սկարչենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ - «Երկրի նախագահը այսպիսով ցույց տվեց սեփական քաղաքացիների նկատմամբ իր իրական վերաբերմունքը»:
«Պոբեդա»-ն ստիպված է եղել հայտարարել, որ ավիաընկերությունը միջադեպում որևէ մեղք չի ունեցել, օդանավի դռները ֆիզիկապես հնարավոր չէր փակել, քանի որ Կրասնոյարսկի օդանավակայանի ծառայությունները չէին հեռացրել անցուղիները: Օդանավում, որտեղ ջերմաստիճանը 7 աստիճանից ցածր էր, ուղևորները ստիպված են եղել սպասել երկու ժամ:
Սկարչենկոն նաև պատմել է, որ օդանավ էր մտել հատուկ ծառայությունների աշխատակիցը և լուրջ, առանց որևէ խոսքի, փակել բոլոր պատուհանները: Ուղևորները, սակայն, պատուհանները հետո բացել և փորձել են լուսանկարել Պուտինի օդանավը:
Թվիթերում մեկ այլ ուղևոր՝ Մարիա Բիստրովան գրել է, թե պատուհանները փակել են հավանաբար Պուտինի անվտանգության նկատառումներով, «կամ էլ երևի Պուտինը պարզապես չէր ուզում մեզ տեսնել», - հավելել է նա:
Կրասնոյարսկից Ռուսաստանի նախագահը ուղևորվել է Նովոսիբիրսկ, որտեղ ոստիկանությունը բնակիչներին խնդրել է հնարավորինս քիչ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ բնակարաններից և պատուհաններին չմոտենալ: