Դաշնակցությունը կարծում է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Կուսակցությունները կամ դաշինքները ներկայացնում են թեկնածուների ինչպես համապետական, այնպես էլ տարածքային ցուցակներ։ Հենց տարածքային այդ ցուցակներն են ավելի շատ հայտնի իբրև ռեյտինգային։
Արմեն Ռուստամյանի հակաժողովրդավարական է համարում գործող կարգը․ - «Այն տարբերակը, որը Հայաստանում ներդրված է և գործում է, իրականում ռեյտինգային դասական տարբերակի հետ կապ չունի, որովհետև այնտեղ ռեյտինգով որոշվում է, թե տվյալ անձը ունի՞ համապատասխան ռեյտինգ։ Մեր մոտ մանդատների բաշխումը տվյալ կուսակցության մեջ տեղի է ունենուն նախ և առաջ ըստ տարածքների ռեյտիգների՝ ռեյտինգավորվում են տարածքները, հետո, ինչքան մանդատ կստանա, դա բաշխվում է առաջադրված անձանց վրա: Մեր ասածն այն է, որ սա անուղղակի ռեյտինգ է ըստ էության, ինչի պատճառով առաջանում է անտրամաբանական և հակաժողովրդագրական մի վիճակ, երբ որ որևէ անձ կարող է մանդատ ստանալ այդպիսի բաշխման արդյունքում, որը ավելի քիչ ձայն է հավաքել, քան նույն այդ կուսակցությունից որևէ մեկ այլ անձ»:
Դաշնակցությունը այլ լուծում է առաջարկում․ - «Դասական երկու տարբերակ կա համամասնական ընտրակարգի՝ բաց ցանկերով և փակ ցանկերով: Բաց ցանկերը դա հենց ռեյտինգայինն է, որը իրականացման լավագույն ձևը դասական իմաստով այն է, որ որևէ կուսակցության նախնական ցուցակը ըստ այբբենական կարգի հրապարակվում է, ընտրողը գնում է ձայնը տալիս է տվյալ ցուցակին, բայց նաև որոշում է, թե հատկապես ում է նախընտրում այդ ցուցակի մեջ: Եվ դրանով ձևավորվում է տվյալ ցուցակում թեկնածուի ռեյտինգը: Եթե ստանում է տվյալ ցուցակը, ասենք, տասը մանդատ, դրանք տրվում են առաջին այն անձանց, ովքեր ամենաշատ ձայներն են ստացել: Երկրորդը փակ ցուցակն է, երբ գնում ընտրում են ցուցակը և վստահում են կուսակցությանը հաջորդականության հարցով»:
Ռուստամյանի խոսքով, անցած ընտրությունների ժամանակ ամենամեծ գործոնը փող բաժանելն է եղել: Նա կարծում է, որ ռեյտինգային համակարգը նաև նպաստում է ընտրակաշառքի տարածմանը․ - «Անուղղակիորեն այս խնդիրը նաև կապահովի, որ կզսպվի այդ դաշտը: Ինչը մեր համար օգտակար է՝ ինչքան հնարավոր է սահմանափակել ընտրակաշառքի հնարավորությունը»:
Դաշնակցության ղեկավար ներկայացուցչի պնդմամբ, Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ՝ 2016-ին, չեն ընդդիմամացել համակարգի ներդրմանը, որովհետեւ չէին ուզում խափանել խորհրդարանական ուժերի հնարավորինս լայն կոնսենսուսը։ Ռուստամյանը միաժամանակ պնդեց, որ իրենց տեսակետը կոալիցոն գործընկեր Հանրապետականի համար անակնկալ չէ։
Առաջարկները Դաշնակցությունը դեռ չի վերածել օրենսդրական նախաձեռնության: Բայց, ասաց Ռուստամյանը, եթե որոշել են, պետք է իրականացվեն․ - «Կոալիցիոն հուշագրում դա էլ է նախատեսված․ եթե դա այնպիսի տարաձայնություններ առաջանան, որոնք լուրջ են և անհամատեղելի են դարձնում մեր համագործակցությունը․․․»
Ռուստամյանը հույս հայտնեց, որ «բանը դրան չի հասնի»․ - «Որովհետև դա երկրի համար էլ օգտակար չի: Ճիշտը համաձայնեցված ճանապարհով գնալն է»:
ՀՀԿ խորհդրարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՅԴ առաջարկին ասաց, որ իրենք քննարկումներից չեն խուսափի, բայց «պետք է նայենք նպատակահարմարությանը» Նրա կարծիքով, ընտրական այդ համակարգը անցած ընտրություններում իրեն արդարացրել է․ - «Այս պահի դրությամբ ես այդ փոփոխությունների քննարկումը ժամանակավրեպ եմ համարում, որովհետև մինչև 22 թվականը դեռ կան զարգացումներ: Այս պահի դրությամբ ընտրությունը կատարված է եղել ճիշտ: Իսկ մինչև 22 թվականի գնահատականները դեռ մենք ունենք բավականին ժամանակ»:
Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ ռեյտինգայինը քողարկված մեծամասնական ընտրակարգն է:
Արարատի մարզից պատգամավոր ընտրված Ալիկ Սարգսյանը (ՀՀԿ) չի հերքում, որ կուսակցությունների համար հիմնական ձայն բերողները ռեյտինգային թեկնածուներն են եղել․ - «Այսօր ժողովուրդը գլոբալ չեն մոտենում հարցին՝ ո՞ր կուսակցությանը ձայնը տանք, որ վաղը մեր մասին մի տեղ խոսվի, կամ մեր շահերը պաշտպանվի: Այս ռեյտինգային համակարգում, կյանքը ցույց տվեց, որ ավելի շատ իրենք կապում են ռեյտինգով ներկայացված մարդու հետ»:
«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Հանրապետականը ատամներով կպաշտպանի ռեյտինգային ընտրակարգը, որը նպաստել է իր վերարտադրությանը․ - «Այս ընտրակարգը, որը բացարձակ ապաքաղաքական ընտրակարգ է, թույլ է տալիս Հանրապետականին առավել անցնցում կերպով ապահովել իր պերմանենտ վերարտադրությունը: Մենք էլ չենք ուզում ապահովել Հանրապետականի պերմանենտ վերարտադրությունը»:
«Ծառուկյան» դաշինքը ևս Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է նախաձեռնել: Քննարկումները, սակայն, հետաձգել են։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենք առաջարկում են հրաժարվել գործող ռեյտինգայինից և անցնել պարզ համամասնական ընտրակարգի: Հավելեց, որ ինքը խոսել է ՀՅԴ խմբակցության ղեկավարի հետ․ կփորձեն աշխատել մեկ միասնական նախագծի շուրջ։ Եթե չստացվի՝ կպնդեն իրենցը։