Մատչելիության հղումներ

«Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալու առնչությամբ քրեական գործ է հարուցվել


«Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալու ահազանգից ավելի քան մեկ շաբաթ անց Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Ոստիկանության նախապատրաստած նյութերով տվյալներ են ստացվել, որ Ֆեյսբուքի «Hayk Berman Ohanyan» անունով օգտատերը տեսնելով «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը՝ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին անհատական նամակագրությամբ, ինչպես նաև «Մեդիալաբ»-ի էջում սպանության սպառնալիքներ է տվել՝ կապված ծաղրանկարի հետ:

Դատախազությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ ոստիկանության տվյալները ենթակա են «լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության»:

Կոմիտեն դեռ գործը չի ստացել, առայժմ անորոշ է՝ արդյո՞ք իրավապահները հայտնաբերել են Ֆեյսբուքի այդ օգտատիրոջը:

«Մեդիալաբի» խմբագիրը պնդում է, որ իր հետ կապ հաստատած անձը սպառնալից նամակները կեղծ էջից չի ուղարկել, Մարիաննա Գրիգորյանին անգամ հաջողվել է պարզել նրա հեռախոսահամարը․ - «Բնակության հասցեից սկսած մինչև հեռախոսահամար, սոցիալական կայքերում էջեր․ բոլոր տվյալները փոխանցել ենք ոստիկանություն, որպեսզի հեշտացնենք իրենց գործը: Տասը օրը, կարծում եմ, քիչ ժամանակ չէ արդեն որևէ բան պարզած լինելու համար»:

«Hayk Berman Ohanyan»-ը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե չի սպառնացել խմբագրին: «Ոստիկանությունից բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ, որ ոչ մի սպառնալիք չի եղել», - թերթին ասել է օգտատերը:

«Մեդիալաբ»-ի խմբագիրը զարմացած չէ այս պատասխանից․ - «Բոլոր փաստերը ներկայացրել ենք իրավապահ մարմիններին: Հասկանալի է, որ պիտի նման պատասխան հնչեր, չեմ կարծում, որ պիտի ասեր՝ սպառնացել եմ: Արդեն այն, որ դեպքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակվելուց և դատախազություն դիմելուց հետո նա շարունակում էր ինձ սպառնալիքով լի նամակներ ուղարկել: Այսինքն, եթե աջակցություն չունենա ինչ-որ մեկը, դժվար թե այդքան հեռուն գնա»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծաղրանկարը «Մեդիալաբ»-ի էջից հեռացնել պահանջած Ֆեյսբուքի այս օգտատերը, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար: Թերթի հարցին, թե «Մեդիալաբ»-ի խմբագրին ասել եք, որ հակառակորդին այն աշխարհն ուղարկողն եք, դա ի՞նչ է նշանակում, «Hayk Berman Ohanyan»-ը պատասխանել է․ - «Հայոց բանակի ցանկացած սպա և զինվոր հակառակորդին էն աշխարհն ուղարկող ա»:

«Եթե դու դեմ ես ու մեր իշխանության քննադատն ես, ուրեմն մեր թշնամին ես», - այս առնչությամբ ասաց Մարիաննա Գրիգորյանը: - «Եթե ՊՆ սպան կարող է նույնացնել լրատվամիջոցը թշնամու հետ, ես ուղղակի բառեր չունեմ»:

Մարիաննա Գրիգորյանին Ֆեյսբուքի այս օգտատերը հիշեցրել էր ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը, երբ խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել:

Ծաղրանկարը հեռացնելու պահանջով սպառնալիքներն այնուհետև շարունակվել են՝ վերածվելով «Մեդիալաբ»-ի խմբագրի երեխային ուղղված հստակ ակնարկների․ - «Ընդհուպ մինչև մահվան օմուլետներ ուղարկելը, զինվորներս կգտնեն քեզ և այլն, և այլն: Նա արդեն փոքր աղջկաս անունը ակնարկեց: Թեև ինքը շարունակում էր ինձ գրել, բայց որոշակի պահից սկսած մաքրեց իր ֆեյսբուքյան էջը, հեռացրեց զինվորական համազգեստով բոլոր նկարները: Դա, ես կարծում եմ, ինքնակամ չի արել: Հասկացել են հարցի ամբողջ լրջությունը և հրահանգներ են տվել»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդեց, որ խմբագրի կյանքին ուղղված սպառնալիքներն ակնհայտն են: Նաև ասաց, որ չի ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց հրապարակված նյութը հիմք է մեղադրանք առաջադրելու համար․ - «Կարող է քննադատել «Մեդիալաբ»-ին, կարող է արտահայտել իր խիստ բացասական կարծիքը ծաղրանկարների մասին: Այդ ամեն ինչը թույլատրելի է: Բայց այն, ինչ որ մենք կարդում ենք, տեսնում ենք, որ կա սպառնալիք և այն ուղղված է կյանքին: Եվ զուգահեռներ են անցկացված անգամ ահաբեկչական ակտերի հետ: Երեխային ակնարկելը իհարկե շատ ավելի լրջացնում է իրավիճակը»:

Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, նախատեսում է պատիժ դրամական տուգանքից մինչև երկու տարվա ազատազրկում:

«Մեդիալաբ»-ը հայտարարում է, որ հետևողական է լինելու, որպեսզի սա նախադեպ չդառնա այլ լրատվամիջոցների համար: Խմբագրության հասցեին հնչած սպառնալիքները դատապարտել են Միացյալ Նահանգների դեսպանատունը, միջազգային և տեղական լրագրողական կազմակերպություններ:

Ծաղրանկարում հիշատակվում է Պաշտպանության նախարարության խոշոր գնումը՝ յոթ միլիոն դրամի ծաղիկներ, և այդ ֆոնին զինվորներ, որոնց կարիքները բանակը չի հոգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG