Փետրվարի 8-ից ոստիկանությունը կսկսի կիրառել շարժական լուսանկարահանող արագաչափ:
«Ազատության» հարցին, թե արդյոք բավարար չէին առկա 178 արագաչափերը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն արձագանեց․ - «Եթե բավարար լինեին, վթարների թիվը չէր շատանա»:
«2018 թվականի վիճակագրությունը ճանապարհատրանսպորտային պատահարների և այդ վիճակագրության վերլուծությունը ցույց են տալիս, որ զոհերով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի է ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով: Բացի այդ, մեր նախորդ ուսումնասիրությունն էլ ցույց էին տվել, որ եթե կան լուսանկարող արագաչափ սարքեր, որոնք ստատիկ են, նշված արագաչափ սարքերի տիրույթում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունենում», - փաստարկեց Խաչատրյանը:
Նա որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց․ միայն այս տարվա հունվարի տվյալներով, 36 զոհ է եղել 28 ճանապարհատրանսպորային վթարի հետևանքով: Նախնական ուսումասիրությունները, ըստ ոստիկանության պաշտոնյայի, փաստում են, որ 11 դեպքով չի պահպանվել առավելագույն երթևեկության ռեժիմը: Ըստ Խաչատրյանի, նախորդ տարվա համեմատ այս տարի ավտոճանապարային վթարների հետևանքով զոհերի թիվը 30-ով ավելի է:
«Լրացուցիչ միջոցներ չկիրառելը ուղղակի անընդունելի է», - եզրակացրեց ՃՈ պետի տեղակալը:
Նոր սարքը տեղադրված է լինելու մեքենայի մեջ: Այն աննկատ շրջելու է քաղաքով և տուգանելու կարգազանց վարորդներին: Բարձրաստիճան ոստիկանն ընդգծում է, որ ծածուկ գործելու նպատակը վարորդներին ստիպելն է, որ օրինապահ լինեն միշտ, այլ ոչ թե միայն արշարժ տեղադրված տեսախցիկների տիրույթում:
Առայժմ միայն մեկ շարժական լուսանկարահանող արագաչափ է աշխատելու, հետագայում, Խաչատրյանի խոսքով, «միայն անհրաժեշտության դեպքումը թիվը կավելանա»․ - «Հուսով եմ, որ այդ անհրաժեշտությունը չենք զգա, մեր վարորդները կսթափվեն»:
Արագաչափերի տեղադրումից հետո վարորդների զգալի մասը բողոքում է, թե այդ սարքերի նպատակը ոչ թե երթևեկության կանոները կարգավորելն է, այլ ժողովրդին մինչև վերջ թալանելը: Շարժական սարքն էլ, նրանց համոզմամբ, նույն նպատակն է հետապնդելու:
«Իշխանությունները նախ պետք է բոլոր հարմարությունները ստեղծեին ՝ խախտումներից խուսափելու համար, հետո նոր անցնեին վարորդներին տուգանելուն», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկվար Սերգեյ Ղահրամանյանը՝ պնդելով, որ ֆինանսական տեսնակյունից սա գուցե լրջագույն հարց է լուծում, սակայն գործնականում երթևեկությունն ավելի լավը չի դառնա:
Ղահրամանյանի պնդմամբ, փորձը ցույց է տալիս, որ տուգանքի կիրառումն ազդում է վարորդների առավելագույնը 20 տոկոսի վրա: Մինչդեռ նրանք, ովքեր անտեսել են տեսախցիկներն ու վարել սրտի ուզածի չափ արագ, շարունակելու են նույն տեպմով՝ լինի մեկ, թե հարյուր վերահսկիչ սարք․ - «Էն որ [ստատիկ տեսախցիկը] պետք է հետևեր կարգապահությանը, էսօր էդ ֆունկցիան չի անում: Բնականաբար, սա ևս չի անելու»:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը կիսում է բոլոր վարորդների մտահոգությունները, ավելին՝ առաջարկում տուգանքների դեմ բոյկոտի իր մեթոդը․ - «Ովքեր պնդում են, որ թալան է, և թալանողն էլ Ճանապարհային ոստիկանությունն է, կոչ եմ անում բոյկոտել այդ թալանը՝ թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»: