Մատչելիության հղումներ

Ստամբուլի նահանգապետարանն անվավեր հռչակեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը


Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ

Ամիսներ տևած լռությունից հետո Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանեց Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ դեռ օգոստոս ամսին ուղարկված դիմումին:

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ՝ փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակով թուրքական պատկան մարմինները հայտնում են, որ չեն ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին՝ իբրև պատրիարքական տեղապահ: Հիշեցնենք՝ անցած տարի մարտին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ պատրիարքի տեղապահ էր ընտրվել հենց Բեքչյանը, ինչից հետո, սակայն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը փակուղի էր մտել:

Իսմայիլ Գյուլթեքինի նամակում ընդգծվում է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, ուստի նոր պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան: Նշվում է նաև, թե պատրիարք Մութաֆյանի առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, իսկ տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը, ինչպես նաև նրա կայացրած որոշումներն անվավեր են համարվում:

Պոլսո Հայոց պատրիարքարանն առայժմ չի արձագանքել նահանգապետարանից ստացված նամակին: Հայտնի է նաև, որ վաղը համայնքային հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան, որտեղ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մասնակցությամբ հանդիպմանը կքննարկվի պատրիարքի ընտրության հարցի շուրջ առաջացած ճգնաժամը:

Պոլսո «Ժամանակ» պարբերականն իր այսօրվա համարում հրապարակելով Ստամբուլի նահանգապետարանից պատրիարքարան ուղարկված նամակը, ուշագրավ տեղեկություններ է փոխանցում անցած շաբաթ տեղի ունեցած զարգացումների մասին: «Ժամանակը» գրում է, թե Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը փետրվարի 1-ին Անկարայում հանդիպել է նախարար Սուլեյման Սոյլուի հետ և քննարկել պատրիարքական ընտրությունների հարցը, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն էլ օրերս զրույց է ունեցել Ստամբուլի փոխնահանգապետի հետ:

«Երեկ նահանգապետարանից ստացված նամակի բովանդակությունից կարելի է ենթադրություններ անել նախորդած հանդիպումների մասին: Այժմ հայ համայնքը բախվել է անհեռատեսության ծանր հետևանքներին, իսկ պատրիարքական ընտրության հեռանկարը դարձյալ վտանգված է»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

2016 թվականի հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ Հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը:

2017-ի օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանն այս դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սահմանված ժամկետում որևէ արձագանք չէր ստացվել: Այնուհետև նախաձեռնող խումբը դիմել էր դատարան՝ հայց ներկայացնելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ, ինչին հաջորդեց Ստամբուլի նահանգապետարանի պատասխանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG