Մատչելիության հղումներ

Շվեյցարիան ափսոսում է, որ հայ-թուրքական արձանագրությունները չիրագործվեցին․ Դոմինիկ դը Բյուման


Դոմինիկ դը Բյումանի և Արա Բաբլոյանի համատեղ ասուլիսը, Երևան, 6-ը փետրվարի, 2018 թ․
Դոմինիկ դը Բյումանի և Արա Բաբլոյանի համատեղ ասուլիսը, Երևան, 6-ը փետրվարի, 2018 թ․

«Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ հայ- թուրքական արձանագրությունները չեն իրագործվում»: Այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:

«Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում վերջին տասնամյակի ընթացքում: Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ այդ արձանագրությունները չեն իրագործվում, բայց նաև շարունակում է մնալ այն համոզմանը, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում: Կարծում եմ՝ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում և Շվեյցարիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, նոր լիցք կհաղորդեն խաղաղության հաստատման գործընթացին»,- ասացԴոմինիկ դը Բյումանը:

Գրեթե 10 տարի առաջ՝ 2009 թվականի հոկտեմբերին հենց Շվեյցարայի Ցյուրիխ քաղաքում, առավելապես այդ երկրի միջնորդական ջանքերով, ստորագրվեցին հայ- թուրքական արձանագրությունները, որոնք, սակայն, այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի նախագահն էլ վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց՝ եթե դրանց կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չլինի, Հայաստանը 2018-ի գարնանը դրանք կհայտարարի «առ ոչինչ»: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր կայացած համատեղ ասուլիսին շտապեց հավելել՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջ չէր քաշել, մինչդեռ Անկարան որոշեց պայմաններ առաջադրել:

Այսօր ավելի վաղ Ազգային ժողովում ունեցած իր ելույթում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, Դոմինիկ դը Բյումանը նշել էր՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես մյուս ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, խնդիրի լուծումն էլ հնարավոր է բանակցությունների միջոցով»:

«Հայաստանը ներգրավված է ԵԱՀԿ-ի կարգավորման գործընթացում, և հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է արձանագրվի ու փաստագրվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները կարողանան դրան անդրադառնալ ու անհրաժեշտության դեպքում նաև հակազդել: Այդպիսի մեխանիզմներ պետք է գոյություն ունենան ոչ միայն Հայաստանում: Նման մեխանիզմները պետք է գործեն հակամարտությունների պարագայում, կասեցնելու համար վերադարձը դեպի պատերազմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Դոմինիկ դը Բյումանը:

Շվեյցարիայում ինչպե՞ս են վերաբերվում առաջիկա ապրիլից նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության հնարավոր հեռանկարին և ընդդիմության քննադատությանը, թե Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո չի պատրաստվում թողնել իշխանությունը: Այս հարցին Դոմինիկ դը Բյումանը պաստասխանեց․ «Յուրաքանյուր երկիր ունի իր ինստիտուցիոնալ ինքնիշխանությունը: Շվեյցարիան հետևողական է ժողովրդավարության գերակայության պահպանման հարցում, սակայն երբեք չի կարող իրեն թույլ տալ՝ միջամտել այլ պետության ներքին գործերին»:

Այսօր առավոտյան Շվեյցարիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դոմինիկ դը Բյումանն արձանագրեց՝ առաջին անգամն է, որ Շվեյցարիայի խորհրդարանի նման պատվիրակություն է գալիս Հայաստան: «Սա հայ-շվեյցարական հարաբերություններում նախորդ փուլերի ամրապնդումն է և նոր փուլի սկիզբը»,- ասաց նա։

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ազգզային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հրավերով և Հայաստանում հանդիպումներ կունենա մինչև փետրվարի 8-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG