Մատչելիության հղումներ

«Մեդիալաբի» խմբագրի հասցեին սպառնալիք հնչեցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել


Մարիաննա Գրիգորյան
Մարիաննա Գրիգորյան

Դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի հոդվածով:

«Փետրվարի 1-ին գլխավոր դատախազությունից Ոստիկանության ԿՀԴՊ
գլխավոր վարչութուն են ուղարկվել «Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի
հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ տարբեր լրատվական կայքերում
հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով
տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman
Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում
տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները»
ծաղրանկարը, «Medialab.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և նշված
կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի անհատական նամակագրությամբ,
վերջինիս հասցեին տվել է սպանության սպառնալիքներ՝ կապված հիշյալ
ծաղրանկարի հետ:

Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և
բազմակողմանի քննության, դեպքի առթիվ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ
գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի
հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար
ուղարկվել Քննչական կոմիտե», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

«Մտահոգ ենք «Մեդիալաբի» խմբագրի նկատմամբ մահվան սպառնալիքների կապակցությամբ: Լրագրողի նկատմամբ ցանկացած, այդ թվում՝ առցանց հնչեցված սպառնալիքը, սպառնալիք է դեմոկրատիային: Հույս ենք հայտնում, որ պատշաճ հետաքննություն կանցկացվի և մեղավորը արդարադատության առջև կկանգնի», - այսօր հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Հարլեմ Դեզիրը:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտել էր կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները: Դեսպանատան «Թվիթերի» էջում տեղադրված հայտարարությունում նշվում էր․ - «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»:

Հիշեցնենք, որ օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ էին արվել:

«Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»,- գրել է մի օգտատեր՝ Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան՝ հաստատելով, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: 2015 թվականի հունվարին երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG