Մատչելիության հղումներ

Անընդունելի է Ազգային ժողովին Անվտանգության խորհրդում լինելու հնարավորությունից զրկելը. Գևորգ Պետրոսյան


Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անընդունելի է համարում Ազգային ժողովին Անվտանգության խորհրդում լինելու հնարավորությունից զրկելը։

«Ազատության» հետ զրույցում Պետրոսյանը պնդեց՝ եթե Ազգային ժողովին զրկում են այդ հնարավորությունից, ապա դրանով խաթարվում է Կառավարության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության սահմանադրական ինստիտուտը։

«Դա ընդհանուր ինստիտուտ է, և որևէ տեղ չկա Սահմանադրության մեջ բացառություն, թե որ ոլորտներին դա չի վերաբերում։ Այսինքն՝ նշանակում է, որ Ազգային ժողովը խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իրավունք ունի Կառավարության ամբողջ գործունեության, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտի քաղաքականությունը մշակելու հարցում», - ասաց Պետրոսյանը՝ հավելելով. - «Ես հանձնաժողովի նիստում ասացի, որ եթե Հայաստանի Սահմանադրության համաձայն պատերազմ հայտարարելու որոշումը վերապահված է Ազգային ժողովին, խաղաղություն հայտարարելու մասին որոշումը վերապահված է Ազգային ժողովին, ապա ո՞րն է տրամաբանությունը, որ Ազգային ժողովը չունենա ներգրավվածություն Անվտանգության խորհրդի աշխատանքներում»։

Ընդդիմադիրների դիտարկմանը, որ այս նախագծով վարչապետին տրվող լայն լիազորությունները մեկ անձի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հիմքերն են ապահովվում, որպեսզի նա միանձնյա շարունակի ղեկավարումն արդեն վարչապետի պաշտոնում, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց. - «Տեսեք՝ «Ծառուկյան» դաշինքը բոլոր դեպքերում կանգնած է մեկ գծի վրա, մեզ անձերը չեն հետաքրքրում։ Երբ որ մենք հանձնաժողովի նիստերում, կամ Ազգային ժողովի լիագումար նիստում հանդես ենք գալիս հայտարարություններով, այդ թվում նաև՝ կոշտ քննադատություններով, սրանց հետևում մենք անձինք չենք որոնում, մենք անձինք չենք փնտրում, մենք զբաղվում ենք երևութաբանությամբ։ Եվ այն կարծիքը, որ ես այսօր հնչեցրեցի, բացարձակապես ինձ չի հետաքրքրում ապագա վարչապետի անձը, ես խոսում եմ այն մասին, ինչը մեզ հուշում է Սահմանադրությունը, ինչպիսին պետք է իրականում լինի այդ մարմինը, որպեսզի կարողանա լիարժեք գործել, հիմա թե սա հանուն ում են արել կամ ինչի են արել՝ կներեք, բայց այս մասով հարցադրումն ինձ չի հետաքրքրում»։

Հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությունում իր մտահոգությունները կիսո՞ւմ են, Պետրոսյանը պատասխանեց. - «Ծառուկյան» խմբակցությունում այս նախագիծը դեռ այսօր առաջին անգամն է քննարկվել, և ես պատրաստվում եմ իրավիճակը զեկուցել խմբակցության նիստում, նոր արդեն խմբակցությունը կունենա որոշակի դիրքորոշում, որն արդեն կարտահայտվի, բնականաբար, հետագայում»։

Հիշեցնենք՝ Կառավարության հունվարի 25-ի նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը։

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է վարչապետի ղեկավարությամբ ստեղծել Անվտանգության խորհուրդ, ինչն ըստ էության փոխարինելու է ներկայիս՝ նախագահի գլխավորությամբ գործող Ազգային անվտանգության խորհրդին։ Նոր ստեղծվելիք մարմնում, մինչդեռ, Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող նախագահն ընդհանրապես ներգրավված չի լինի, չեն լինի նաև պետության առանցքային մի շարք այլ պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահը, Գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը։

Ապրիլից ստեղծվելիք Անվտանգության խորհուրդը, ըստ նախագծի, վարչապետի գլխավորությամբ սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG