«Ելք» դաշինքը վաղը Ազգային ժողովում ստորագրահավաք է սկսելու հաջորդ շաբաթ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այսօր Երևանում կազմակերպած հանրահավաքում ընդդիմադիր ուժը հայտարարեց, թե փոփոխություններ է նախաձեռնել Հարկային օրենսգրքում՝ առաջարկելով վերադառնալ ակցիզային հարկի նախկին դրույքաչափերին, որպեսզի վերականգնվեն բենզինի, դիզվառելիքի և մեքենաների լիցքավորման սեղմած գազի անցած տարի գործող գները:
Փոփոխությունների փաթեթով «Ելք» դաշինքն առաջարկում է նաև հրաժարվել հունվարի մեկից գործող եկամտահարկի նոր դրույքաչափերից:
Արտահերթ նիստ գումարելու համար 9 հոգանոց խմբակցությանն անհրաժեշտ է 27 ստորագրություն: Եթե ընդդիմադիր մյուս՝ «Ծառուկյան» դաշինքը ևս միանա այս նախաձեռնությանը, միևնույն է անհրաժեշտ է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորների մասնակցությունը, որպեսզի քվորում ապահովվի և նիստը կայանա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայն չէ, թե այսպիսով դաշինքը փակուղի է տանում թանկացումների և հարկային բեռի ավելացման դեմ պայքարը:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ երթի ավարտին՝ հայտարարելով, որ հաջորդ հանրահավաքի մասին կհայտարարեն, եթե տեսնեն դրա անհրաժեշտությունը: