Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը ԱԺ հանձնաժողովում կոշտ քննադատության արժանացավ


Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագիծն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում վեճի պատճառ դարձավ։ Ընդդիմադիրներն անընդունելի ու հակասահմանադրական որակեցին Կառավարության ներկայացրած փաստաթուղթը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անգամ լքեց նիստերի դահլիճը։

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է վարչապետի ղեկավարությամբ ստեղծել Անվտանգության խորհուրդ, ինչն ըստ էության փոխարինելու է ներկայիս՝ նախագահի գլխավորությամբ գործող Ազգային անվտանգության խորհրդին։ Նոր ստեղծվելիք մարմնում, մինչդեռ, Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող նախագահն ընդհանրապես ներգրավված չի լինի, չեն լինի նաև պետության առանցքային մի շարք այլ պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահը, Գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը։ Դահլիճը լքելուց առաջ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախագիծը հակասահմանադրական դրույթ է պարունակում։

«Այստեղ նշված է, որ Անվտանգության խորհրդի անդամ է նաև առաջին փոխվարչապետը: Ուրեմն՝ նման պաշտոնյա գոյություն չունի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Սահմանադրության 147-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե Կառավարության կազմը և կառուցվածքը ինչպիսին է: Կառավարությունը կազմված է վարչապետից և փոխվարչապետներից և նախարարներից: Այս՝ առաջին փոխվարչապետը հակասահմանադրական ձևակերպում է և չի կարող Սահմանադրությունից դուրս՝ այլ ձևակերպումով լինի փոխվարչապետ», ֊ իր դիրքորոշումը ներկայացրեց Մարուքյանը:

Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանն էլ անընդունելի համարեց անվտանգության խորհուրդը միայն Կառավարության անդամներով համալրելը․ ֊ «Իրեն պառլամենտական հռչակող պետության թիվ մեկ քաղաքական մարմնի ղեկավարը՝ այսինքն Ազգային ժողովի նախագահը, ինչո՞ւ ներառված չէ անվտանգության խորհրդի կազմում»:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թովմասյանը հակադարձեց՝ գործադիրից բացի այս կառույցում իշխանության այլ ճյուղերի ներկայացուցիչներ ընդգրկել չեն կարող․ ֊ «Անվտանգության խորհուրդը, մեր Սահմանադրության իմաստով, գործադիր իշխանության մարմին է: Կոպիտ ասած՝ Անվտանգության խորհուրդը դա փոքրիկ՝ մինի կառավարություն է, ավելի նեղ մասնագետներով, և այս մարմնում բացի գործադիր իշխանության համակարգի մարմիններից որևէ այլ մարմնի ներկայացուցչի ներգրավումը կլինի հակասահմանադրական ոչ միայն իշխանության տարանջատման սկզբունքի տեսանկյունից»:

Ապրիլից ստեղծվելիք Անվտանգության խորհուրդը վարչապետի գլխավորությամբ սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

Նախագիծն ի վերջո ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացավ, առաջիկայում այն կներառվի արդեն խորհրդարանի օրակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG