Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը ԱԺ հանձնաժողովում կոշտ քննադատության արժանացավ


Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ընդդիմադիր մի քանի պատգամավորներ կոշտ քննադատության ենթարկեցին «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը։

Նշենք, որ ըստ նոր Սահմանադրության, Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, վարչապետից զատ, Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անգամ բարկացավ և լքեց նիստերի դահլիճը՝ նշելով, որ նախագծում հակասահմանադրական դրույթներ կան։

Մարուքյանն, մասնավորապես, մատնանշեց առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ հայտարարելով, որ դա հակասահմանադրական է՝ «այդ անվամբ պաշտոն Սահմանադրությունը չի սահմանել»։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի Հանրապետական նախագահ Հրայր Թովմասյանը հակադարձեց՝ նշելով, որ իրենք իրավունք ունեն նման ձևակերպում սահմանել։

Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ իրենց համար ընդհանրապես անհասկանալի և անընդունելի է, թե ինչպես խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրած Հայաստանը ստեղծում է մի մարմին՝ Ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ ընդգրկված չեն առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ, մասնավորապես՝ նախագահ, դատախազ, Սահմանադրական դատարանի նախագահ։

Թովմասյանը հակադարձեց՝ ասելով, որ եթե այդ անձինք ներառվեին այս համակարգում, ապա դա կլիներ հակասահմանադրական, քանի որ, ըստ նրա, Սահմանադրությամբ ամրագրված է, որ Անվտանգության խորհուրդն, ըստ էության, գործադիր մարմնի ֆունկցիա է կատարելու, հետևաբար, եթե այնտեղ լինեին Ազգային ժողովի նախագահը կամ Ազգային ժողովից այլ ներկայացուցիչներ, ապա կխախտվեր իշխանությունների բաժանման սկզբունքը։

Նախագիծը դրական եզրակացության արժանացավ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանձնաժողովում հանրապետականները մեծամասնություն էին կազմում։

Ամենայն հավանականությամբ հարցը վաղը կընդգրկվի Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG