Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շատ լծակներ ունի Հայաստանի նկատմամբ. Բրայան Ուիթմոր


Գալիք ամիս Ռուսաստանում նախագահական ընտրություններ են, և այդ երկիրն ավելի քան 18 տարի ղեկավարած Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ևս վեց տարով ստանձնել նախագահի պաշտոնը:

Արևմտյան փորձագետների կարծիքով՝ Պուտինի նախագահության հերթական ժամկետում նույնպես ռուսաստանցիները վճարելու են Կրեմլի կայսերապաշտական նկրտումների համար, իսկ Ռուսաստանի հարևան երկրները՝ շարունակելու են գործ ունենալ Մոսկվայի ճնշումների հետ:

«Ազատության» վերլուծաբան Բրայան Ուիթմորը և՛ս համոզված է՝ Պուտինը վերընտրվելուց հետո էլ շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը մերձակա տարածաշրջաններում։

«Ռեժիմի լեգիտիմությունը հենց սրա հետ է կապված: Եթե ​դիտարկենք Պուտինի այսպես կոչված «սոցիալական պայմանագիրը», ապա կտեսնենք, որ երբ նա առաջին անգամ եկավ իշխանության՝ 2000 թվականին, հիմնականում առաջարկեց հետևյալը՝«ես ձեզ կտամ կայունություն և բարգավաճում, իսկ դուք հրաժարվում եք ձեր ազատություններից»: Այժմ Ղրիմից հետ նրա առաջարկած նոր սոցիալական պայմանագրի համաձայն, «դուք հրաժարվում եք և՛ ազատությունից, և՛ բարգավաճումից, իսկ ես ձեզ կայսրություն եմ տալիս»: Դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես նրանք կարող են հետ կանգնել Ուկրաինայի, Վրաստանի, Մերձդնեստրի հարցերում: Եվ անկեղծ ասած, չեմ կարծում, որ Պուտինը և նրա շրջապատը այս երկրներին, այդ թվում` Հայաստանին, համարում է իսկապես անկախ պետություններ: Չեմ կարծում, թե նրանք դիտարկում են այս երկրները որպես անկախ պետություններ», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վերլուծաբանը:

Բրայան Ուիթմորը նշեց՝ Ռուսաստանը շատ լծակներ ունի Հայաստանի նկատմամբ։

«Այն, ինչ կասեմ, գուցե որոշ հեռուստադիտողների դուր չգա, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը շատ լծակներ ունի Հայաստանի նկատմամբ, իհարկե, ղարաբաղյան խնդրի պատճառով: Ես իսկապես այսպես եմ մտածում: Ասեմ, որ ես Հայաստանի կամ Ղարաբաղի հարցերով մասնագետ չեմ, բայց շատ վերլուծաբանների կարծիքով, եթե վերանա ռուսական աջակցությունը, ապա հավասարումը կտրուկ կփոխվի և ոչ թե Հայաստանի օգտին։ Իսկ Ռուսաստանը դա գիտի, և Հայաստանը դա գիտի: Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը գիտի: Եվ արդյունքում Կրեմլը շատ լծակներ ունի», - ասաց վերլուծաբանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG