Մատչելիության հղումներ

Միտումներ կան իշխանության կողմից լրատվամիջոցներից և հանրությունից փակվելու. Բորիս Նավասարդյան


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իշխանությունների կողմից լրատվամիջոցներից և հանրությունից փակվելու միտումներ է տեսնում։

Նավասարդյանը, սակայն, դա խորհրդարանական համակարգին անցնելու հետ չի կապում։

Նրա խոսքով՝ այդ միտումներն ավելի շուտ սկսվեցին, քան սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ամրագրվեցին։

«Այդ կարգի նախաձեռնություններ մենք տեսնում էինք տարբեր իշխանական կառույցներում՝ և՛ փակ նիստերի անցնելու առումով, և՛ տարբեր օրինագծեր, օրինակ, Տեղեկատվության ազատության մասին օրենքի մեջ փոփոխությունների նախագիծը, որը շրջանառվում էր 2017 թվականի ընթացքում և բավականին լուրջ քննադատության արժանացավ։ Այսինքն՝ ցանկություն կա հնարավորինս փակվել և փորձել այդ փակ պայմաններում միգուցե փրկել մեր կառավարության բավականին ցածր վարկանիշը և ընդհանրապես իշխանական շրջանակների, որը ձևավորվել է Հայաստանում։ Մտայնությունն այստեղ մեկը կարող է լինել՝ ինչքան քիչ իմանան մեր մասին, այդքան լավ կլինի կարծիքը մեր մասին։ Այսինքն՝ դա ինչ-որ տեղ անուղղակի ճանաչում է, որ կան խնդիրներ կառավարության շատ անդամների մոտ՝ և՛ կոմպետենտության առումով, և՛ չարաշահումներ թույլ տալու առումով, և՛ չհիմնավորված ծախսեր իրականացնելու առումով, և մենք տեսնում ենք, որ միտումներից մեկը նաև հնարավորինս փակ դարձնել ինֆորմացիան այդ ծախսերի, գնումների գործընթացների մասին», «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Նավասարդյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահը չի բացառում, որ հաջորդ քայլը լինի լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը։

«Եթե այս տրամադրությամբ և այս մտածելակերպով շարունակեն աշխատել մեր իշխանությունները, նշանակում է, որ հաջորդ քայլն իրենց կողմից կլինի նաև լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը, և եթե այս իներցիան շարունակվում է հենց այդ ուղղությամբ, դա արդեն լուրջ մարտահրավեր և լուրջ տագնապ պետք է առաջացնի հանրության մեջ ընդհանրապես», - ասաց Նավասարդյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին գործադիրը հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Կառավարության նիստերը դռնփակ կլինեն:

Իշխանության այս քայլը մտահոգել է շատերին։ Որոշ ընդդիմադիրների կարծիքով՝ սա Հայաստանում ավտորիտար համակարգ հաստատելու նշաններից է։

«Կիրակնօրյա վերլուծականն» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG