Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ժամանել է Բաքու


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը նախօրեին ժամանել է Բաքու, տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները փետրվարի 6-7-ը, ըստ աղբյուրի, Ադրբեջանի իշխանությունների հետ կարգավորման հարցով քննարկումներ են ունենալու։

Բաքվից հետո` փետրվարի 8-ից 9-ը, համանախագահները Կլինեն Երևանում, ապա կուղևորվեն Ստեփանակերտ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը տարածաշրջան հաջորդում է հունվարի 18-ին Կրակովում նրանց միջնորդությամբ կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

Հունվարի 26-ին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը պատմել է, որ Կրակովյան հանդիպման ընթացքում նախարարների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը։ Պոպովը հավելել է, որ մնացել է համաձայնեցնել միայն տեխնիկական դետալները՝ ընդլայնման մեխանիզմը գործարկելուց առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG