Մատչելիության հղումներ

«Մեդիալաբ»-ի խմբագիրը վախենում է դստեր անվտանգության համար


«Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը 2 օր է դստերը դպրոց չի ուղարկում, այն բանից հետո, երբ օրեր առաջ իր և իր ղեկավարած խմբագրության հասցեին սկիզբ առած սպառնալիքները շարունակվել են և արդեն վերածվել երեխային ուղղված հստակ ակնարկների։

«Շարունակել եմ սպառնալիքներ ստանալ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գրիգորյանը: - «Այսինքն՝ դա միայն հունվարի 28-ով չի ավարտվել, այլ շարունակվել է մինչև փետրվարի 1-ը»:

Հունվարի 28-ին «Մեդիալաբը» հրապարակվել էր պաշտպանության նախարարին պատկերող մի ծաղրանկար, որտեղ ընթերցողների ուշադրությունը հրավիրվում էր նախարարության՝ ծաղիկների վրա արված մեծ ծախսի, և մյուս կողմից էլ՝ զինվորների կարիքները չհոգալու խնդրի վրա։

Ֆեյսբուքյան մի օգտատեր նախ նկարի մեկնաբանությունում, ապա արդեն անձնական նամակներով շարունակ սպառնացել է Մարիաննա Գրիգորյանին՝ հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ պատահածը, երբ ահաբեկիչը 12 աշխատակցի էր սպանել, ակնարկելով նաև, որ «ինքը հակառակորդին այն աշխարհ ուղարկողն» է և այլն։ Բայց «Մեդիալաբի» խմբագրին զայրացրել ու անհանգստացրել է հատկապես իր մանկահասակ երեխայի անվան հիշատակումը։

Իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին բարձրաձայնելուց 4 օր անց, այսօր Մարիաննա Գրիգորյանին հրավիրել են ոստիկանություն բացատրություն տալու։ Իրավապահներն այժմ նյութեր են նախապատրաստում։ Ընդ որում, Գրիգորյանի խոսքով, իր հետ կապ հաստատած անձը կեղծ օգտատեր չէ, ունի իրական ֆեյսբուքյան էջ և լրագրողին հաջողվել է պարզել նրա մասին որոշ տեղեկություններ, անգամ՝ հեռախոսահամարը։ Այս ամենից հետո, խմբագիրը հույս ունի, որ իրավապահների համար ընդհանրապես բարդ չի լինի գտնել սպառնալիքների հեղինակին։

«Կարծում եմ ես չպիտի գնայի ոստիկանություն բացատրություն տալու, պիտի գնար բացատրություն տալու այն մարդը, ով սպառնալիքներ է հնչեցնում մեր հասցեին», - ասում է նա:

Քաղաքական երգիծական պարբերականի ղեկավարը իրավապահներից հիասթափվելու փորձ նախկինում ունեցել է, երբ 2016 թվականի հարձակվել էին նրա մեքենայի վրա, կոտրել ապակիներն ու գողացել ցուցահանդեսի ուղարկվող 107 քաղաքական ծաղրանկարները։ Միջադեպի մեղավորներն այդպես էլ չեն բացահայտվել։

«Մեդիալաբի» խմբագրությանն ուղղված սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ 8 գործընկեր կազմակերպությունների հետ միասին՝ պահանջելով իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել սպառնալիքների հեղինակին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Լրագրողների իրավունքները պաշտպանող կազմակերպության ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով՝ առաջին դեպքը չէ, երբ սպառնում են քաղաքական երգիծական նկարներ ստեղծող ու հրապարակող խմբագրությանը, քանի որ ծաղրանկարները, ըստ նրա հաճախ ցավագին են ընդունվում հանրության որոշ ներկայացուցիչների կողմից․ - «Պետք է ասել, որ այս մի սպառնալիքը, իհարկե, արտառոց է, որովհետև որպես սպասվող վտանգ օրինակ էր բերվել ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը՝ «Շարլի Էբդոն»: Նմանատիպ օրինակ բերել և ասել, որ՝ ձեզ սպասում է այդպիսի հաշվեհարդար կարծում եմ, որ չի կարող մի կողմ դրվել, մատների արանքով դրան հնարավոր չէ նայել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG