Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է հայ ուսանողների հետ, այցելել հայկական եկեղեցի


Լուսանկարը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան
Լուսանկարը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան

Հինգշաբթի օրը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդների հետ հանդիպմանը Սարգսյանը կարևորել է նրանց մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքին, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Հայաստանի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը:

Երիտասարդները իրենց հարցերն են հղել Արմեն Սարգսյանին, մասնավորապես՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ։

Արմեն Սարգսյանը այցելել է նաև Մոսկվայի հայկական եկեղեցի։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ նա եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել և ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։

Սարգսյանը բարձր է գնահատել թեմի գործունեությունը՝ նշելով, որ հատկապես հայրենիքից դուրս Հայ եկեղեցին պատմական մեծ դերակատարություն ունի հայի ինքնության պահպանման գործում, հաղորդում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի մամլո դիվանը:

Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, Մոսկվա է մեկնել՝ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա գրասենյակը երեկ հաղորդել էր, որ առաջիկա օրերին նախատեսվում են հանդիպումներ նաև հայկական այլ համայնքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG