Սոչիում անցկացված «Սիրիական երկխոսության համաժողովից» վերադարձող սիրիացի մասնակիցների օդանավը Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջքի պահին հրթիռակոծության է ենթարկվել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։
Ըստ նրա, հարձակման հեղինակը «զինյալ ահաբեկչական խմբավորումներն» են, որոնք դեմ են Սիրիայում խաղաղության վերահաստատմանը։ Արձակվել է երեք հրթիռ, տուժածներ չկան։
Պատգամավորի փոխանցմամբ, անվտանգության աշխատողներն ուղևորներին դուրս են բերել օդանավից և հեռացրել օդանավակայանից։
«Ազատության» հարցին՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչներ են եղել օդանավում, Ռեիսյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ Սիրիայից համաժողովին մասնակցել է 1600 մարդ, հրթիռակոծվել է վերադարձող առաջին խմբի օդանավը։
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով համաժողովը Սոչիում անցկացվեց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով։