Մայրաքաղաքի իշխանությունները խոստանում են՝ մինչ տարեվերջ Երևանը կամ արդեն ներդրված տրանսպորտային նոր համակարգ կունենա, կամ էլ դրա իրականացման ուղղությամբ առարկայական քայլեր կձեռնարկեն։ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը այսօր հայտարարեց՝ քանի որ բարեփոխումները մասշտաբային են, ժամկետներում հնարավոր են շեղումներ, բայց մինչ այս պահը ամեն ինչ սահուն է գնում։
«Ցանկալի է, իհարկե, որ մինչև տարեվերջ ունենանք ներդրված ավտոբուսները, բայց ես վստահ եմ, որ եթե մենք տարեվերջին ունենանք ամեն ինչ հստակ և պայմանագրերը կնքված և ավտոբուսները ներկրելու ճանապարհին լինեն, մենք նույնպես կհամարենք, որ հաջողությամբ հասել ենք վերջնակետին», - նշեց Նիկոյանը:
Նոր տրանսպորտային համակարգի ներդրումից հետո, փոխքաղաքապետի խոսքով, քաղաքացիները միջինը երեք րոպե կսպասեն իրենց անհրաժեշտ տրանսպորտին։ Ուղևորափոխադրումները ավելի արագ կկատարվեն, կստեղծվեն հատուկ հավելվածներ, որոնց միջոցով մարդիկ կիմանան թե երբ կմոտենա տրանսպորտը։ Վահե Նիկոյանը խոստացավ՝ անկախ նրանից, թե քանի տրանսպորտ կփոխի քաղաքացին իր նշանակետին հասնելու համար, նա վճարելու է մեկ անգամ: - «Սա այն կարևոր հանգամանքներից մեկն է, որը դրված է որպես սկզբունք», - ընդգծեց նա:
Չնայած այս հանձնարարականին՝ Երևանի իշխանությունները պնդում են, որ դեռ պարզ չէ թե ի վերջո ինչքան կարժենա ուղեվարձը և ինչպես է այն հաշվվելու:
«Տարբերակները բազմաթիվ են՝ և՛ ժամային, և՛ ուղեվորությունով: Շատ տարբերակներ կան, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա: Մենք ընտրելու ենք դրանցից, այնպես չէ, որ ինչ-որ նոր մոդել կգծենք, բայց դրանցից որը որ կիրառելի կլինի Երևանի համար», - մանրամասնեց Վահե Նիկոյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ նախկին խոստումը ուժի մեջ է՝ սակագինը փորձելու են մատչելի պահել, այժմ վերջնականացնում են նոր տրանսպորտային ցանցը, ինչը ամենակարևորն է, դրանից հետո արդեն կանցնեն մյուս հարցերին։
Այս պահին հստակ է, որ նոր տրանսպորտային համակարգը կազմված է լինելու բացառապես մեծ և միջին ավտոբուսներից։ Ներկայիս 2040 միավոր տրանսպորտի փոխարեն կաշխատի 939 ավտոբուս։ Չեն լինելու գծատերեր, իսկ ներկայիս 115 երթուղիների թիվը կկրճատվի՝ դառնալով 42։ Այս ծրագրի մշակման համար, ի դեպ, քաղաքային իշխանությունները միջազգային խորհրդատուին վճարել են 850 հազար դոլար:
«Նոր ցանցով հասարակական տրանսպորտի սպասարկման մեկնարկը նախատեսում ենք իրականացնել առավոտյան 6:45՝ գործող ցանցով առավոտյան ժամը 7-ի փոխարեն և ավարտել կեսգիշերին՝ այժմյան երեկոյան 11-ի փոխարեն, ըստ էության ապահովելով շուրջ 1 ժամ 15 րոպե ավել սպասարկում», - նշեց Վահե Նիկոյանը: - «Բացի այդ, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 7-ը, ըստ ուղևորահոսքի ուսումնասիրության արդյունքների, գնահատվել է առավելագույն ծանրաբեռնված ժամանակահատված և նոր ցանցային ցուցանիշներով նախատեսվում է այդ ժամանակահատվածում ինտնսիվ սպասարկում և այդ ժամանակահատվածում կլինի 5 րոպե»:
Փոխքաղաքապետի խոսքով՝ դեռ չեն որոշել նաև, թե որ ընկերությունից են գնելու ավտոբուսները։ Ասաց՝ տեղյակ է այն մտահոգություններին, թե 18 մետրանոց ավտոբուսները կկարողանան աշխատել Երևանի փողոցներում․ - «Սովետական ժամանակ Երևան քաղաքում շահագործվում էին համակցված ավտոբուսներ, եթե չեմ սխալվում՝ նրանց երկարությունը մոտ 17-16.5 մետր է եղել և նույն փողոցներով նմանատիպ ավտոբուս շահագործելը որևէ խնդիր պիտի որ չառաջացնի»:
Նոր ցանցով Երևանի փողոցներում նաև ավտոբուսների համար առանձին երթևեկելի գոտիներ կսահմանվեն։ Կարդիականացվի տրոլեյբուսային պարկը, վարորդներն էլ կաշխատեն հերթափոխով։
Նոր համակարգի ներդրումը մոտ 100 միլիոն դոլար կարժենա։ Նիկոյանը ասաց, որ փորձելու են մասնավոր միջազգային ընկերություն ներգրավվել, որ ներդրումներ կանի և իր փորձով կշահագործի նոր ցանցը, եթե դա չստացվի, ապա Երևան համայնքը վարկ կվերցնի, դրա շուրջ բանակցություններ Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն անցկացվել են։