Բրիտանացի սատիրիկ և ռեժիսոր Արմանդո Իաննուչիի մեծ աղմուկ բարձրացրած «Ստալինի մահը» կատակերգությունը հայաստանյան կինոթատրոններում ցուցադրվեց ընդամենը մեկ շաբաթ: Հիշեցնենք՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ադրբեջանում այդ ֆիլմի ցուցադրությունն ընդհանրապես արգելվել է:
Երևանյան կինոթատրոնների աշխատակիցներին զարմացրել էր Հայաստանում «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրումը․ «Կարծում էի, որ էստեղ էլ չի լինի դիտում, բայց շատ դրական կարծիքներ կան»,- ասում էր նրանցից մեկը: Ֆիլմը դիտած մի քաղաքացի էլ ասաց՝ ինչն արգելված է, դա հետաքրքիր է: «ֆիլմի գլխավոր ուղերձը հասանելի էր»,- ասաց քաղաքացին և հավելեց․ «Որպես ֆիլմ շատ թույլ էր: Ուղղակի Ստալինի մասին բոլոր ֆիլմերը վախենալու են, այստեղ դիկտատորին ներկայացնում են որպես ծիծաղելի կլոուն: Իշխանությունների հիմնական վախը դրանից է, որ արգելում են: Եթե դիկտատորին ներկայացնեն չար, սարսափելի, դրանից վտանգ չեն տեսնի»:
Մեկ այլ կինոդիտող էլ ասաց․ «Երբ արվեստը ցինիզմի մեջ է, դա շատ ավելի անկեղծ է և առողջ, քան ցինիզմը իրականության մեջ»: Մեկ ուրիշն էլ նշեց․ «Շատ մեծ բավականություն եմ ստացել ֆիլմից: Քանի որ Հայաստանը Ռուսաստանից է վերցնում ֆիլմեր, կուզեի, որ այլ մոտեցում ունենային կինոյի հանդեպ, քանի որ սա պարզապես երգիծական կատակերգություն է: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստալինյան ռեպրեսիաներից տուժած մարդկանց համար այս թեման շատ ցավոտ է: Ես առաջարկեցի ծնողներիս՝ ինձ հետ նայել ֆիլմը, իրենք պարզապես չցանկացան, որովհետև իրենք պատրաստ չէին այդ իրադարձությունները վերապրել նույնիսկ կատակերգության տեսքով»:
Կատակերգությունը պատմում է Իոսիֆ Ստալինի մահվանը հաջորդած օրերի իրադարձությունների մասին: Մասնավորապես, ներկայացվում է «առաջնորդի» մահվանից հետո սկսված պայքարն իշխանության համար: Հիշեցնենք՝ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը համարել էր, որ ֆիլմը չունի ոչ՛ պատմական, ո՛չ էլ գեղարվեստական արժեք, բացի այդ, ֆիլմում «պղծվում են» խորհրդային շրջանի խորհրդանիշները՝ օրհներգը և շքանշանները։
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը զավեշտալի է համարում Ռուսաստանում ֆիլմի ցուցադրման արգելքը: Ըստ նրա, բարձրացված աղմուկն ավելի մեծ էր, քան ֆիլմի գեղարվեստական արժեքը: «Եթե առողջ հասարակություն լիներ, պիտի որ դա ընկալեր որպես մեծ նվեր Արևմուտքի կողմից: Նաև շատ ծախսատար ֆիլմ է: Չեմ կարծում, որ Պուտինը տեսել ու որոշել է, որ պիտի արգելեն այդ ֆիլմը: Դա ավելի շուտ չինովնիկների ներքին վախի արդյունքն է»,- ասաց կինոքննադատը:
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանի կարծիքով էլ՝ եթե Հայաստանում նույնպես արգելվեր այդ ֆիլմի ցուցադրումը, հասարակության ներսում դիմադրություն կառաջանար, կաճեին հակառուսական տրամադրությունները: «Նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք հակառուսական տրամադրություններ չունեն, այդ տիպի միջամտությունների պատճառով ուժեղացնում են հակառուսականությունը:
Այսօր իրենց համար ավելի լավ է, որ հասարակությունը եթե ոչ պրոռուսական, գոնե մի քիչ չեզոք պահի իրեն: Փորձել են, լավ ֆիլմ է՝ ցուցադրենք, կգան կնայեն, կգնան: Բայց Ռուսաստանում չէին կարող դա թույլ տալ, որովհետև Ռուսաստանն ինքն իր քաղաքականությունն է կառուցում դրա վրա, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ստալինիզմը քաղաքականության համար այդքան էլ ակտուալ չէ»,- ասաց Թադևոսյանը: